Բաժիններ՝

Նոր Զելանդիան կհրաժարվի միանգամյա օգտագործման պլաստիկե փաթեթներից

Նոր Զելանդիան հաջորդ տարվա ընթացքում կդադարեցնի միանգամյա օգտագործման պլաստիկե փաթեթների օգտագործումը: Այդ մասին 1 News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել են երկրի վարչապետ Ջասինդա Արդեռնը եւ շրջակա միջավայրի նախարարի օգնական Յուջենի Սեյջը:

«Մենք հարյուր միլիոնավոր միանգամյա փաթեթներ ենք օգտագործում, որոնցից շատերը վնասում են մեր ափամերձ շրջանների ու ծովային ջրերի էկոլոգիան եւ լուրջ վնաս հասցնում ծովային կյանքի բոլոր տեսակներին, մինչդեռ գոյություն ունեն այլընտրանքներ ինչպես սպառողների, այնպես էլ բիզնեսի համար»,-հեռուստաալիքը փոխանցում է վարչապետի խոսքը: Ինչպես նշվում է, միանգամյա օգտագործման փաթեթներից հրաժարվելը կիրականացվի փուլ առ փուլ՝ կես տարվա ընթացքում:

ՊոլիԷթիլենային փաթեթները ոչ միայն ամենատարածված, այլեւ աղբի ամենադիմացկուն տեսակներից մեկն են. հողի մեջ դրանց քայքայման ժամկետը կազմում է 100-ից մինչեւ 500 տարի: Նմանօրինակ թափոնները հատկապես կործանարար են ծովային կենդանական աշխարհի վրա:

«Գրինպիս» միջազգային բնապահպանական կազմակերպության տվյալներով՝ պլաստիկը կազմում է Համաշխարհային օվկիանոսում առկա աղբի ընդհանուր ծավալի 80 տոկոսից ավելին. դրա պարունակած թունավոր նյութերից տարեկան ոչնչանում են մեկ միլիոնից ավելի ծովային թռչուններ, հարյուր հազարավոր այլ կենդանիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս