Թուրք ազգայնական գործիչն անդրադարձել է սահմանները բացելու մասին Փաշինյանի հայտարարությանը
«Թուրք-ադրբեջանական բարեկամական միության» փոխնախագահ Սերդար Ունսարը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ պաշտոնական Երևանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։
«Հայաստանի նոր վարչապետը ցանկանում է առանց նախապայմանների զարգացնել Թուրքիայի հետ հարաբերությունները։ Ինչ խոսք, դրական զարգացում է։ Բայց լավ հարաբերություններ ստեղծելու համար Հայաստանը պետք է ճանաչի Թուրքիա պետությունը, հրաժարվի տարածքային պահանջներից։ Հայ ժողովուրդը թուրք ազգին չպետք է ընկալի որպես թշնամի։ Եվ որ ամենակարևորն է, նրանք պետք է դուրս գան Ադրբեջանի տարածքներից և դրանք հանձնեն Ադրբեջանին։ Դրանից հետո միայն կնստենք սեղանին ու կխոսենք։
Եթե առանց դրա սահմանային անցակետը բացվի, ապա Ադրբեջանի ժողովուրդ կնեղանա, իսկ Ղարաբաղի և Խոջալուի մեր զոհերի աճյունները հանգիստ չեն գտնի։
Քանի դեռ հայերը օկուպացված հողերից դուրս չեն գալիս, Ալիջանի և մյուս անցակետերի բացման մասին խոսք անգամ լինել չի կարող: Հայերի նպատակը պարզ է, նրանք ցանկացած հարթակում ցանկանում են թշնամություն դրսևորել թուրքերի դեմ։
Այժմ Ադրբեջանի հողերը ակուպացված են, կա 1մլն փախստական, ճի՞շտ կլինի արդյոք դա անտեսել և բացել սահմանը: Այդ դեպքում ուր կմնա երկու պետություն, մեկ ազգ սկզբունքը։ Մեր նախագահը այդ հարցում իր խոսքն ունի, այն է՝ «Քանի դեռ հայերը դուրս չեն եկել օկուպացված հողերից սահմանները չեն կարող բացվել,- ասել է Ունսարը։
Վերջինս պնդել է, թե Իգդիրում ապրող թուրքերը չեն ցանկանում, որ հայ-թուրքական սահմանը բացվի։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եթե ցանկանում է իր ժողովրդին տնտեսական դժվարություններից փրկել, նախևառաջ նրանք պետք է դուրս գան Ադրբեջանի հողերից և միայն դրանից հետո հարաբերությոններ ստեղծեն Թուրքիայի հետ»,- եզրափակել է թուրք ազգայնական գործիչը։