Վարչապետի հանձնարարությամբ կվերանայվի ապրիլյան մարտական գործողություններին մասնակիցների ցանկը
Օգոստոսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը և ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել են զորացրված մի խումբ զինծառայողների, ովքեր պահանջում են զինվորական գրքույքներում արձանագրել՝ 2016թ. ապրիլյան քառօրյա մարտերին իրենց մասնակցության փաստը։
Հանդիպման մասնակիցներին ներկայացվել են 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած մարտերին վերաբերող իրավական դրույթները, զինգրքույկներում մարտերին մասնակցությունը հավաստող նշումների կարգը։ Զորացրված զինծառայողներն իրենց հերթին ներկայացրել են հիմնավորումներն առ այն, որ որոշակի մասնակցություն են ունեցել ապրիլյան քառօրյա գործողություններում, մինչդեռ զինվորական գրքույքներում որևէ նշում այդ մասին չի կատարվել։
Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարությամբ առաջիկայում ուսումնասիրվելու են ապրիլյան մարտական գործողություններում ներգրավված ստորաբաժանումների փաստաթղթերը, մասնավորապես վերանայվելու է մասնակիցների ցանկը, որի շնորհիվ էլ ուշադրության կենտրոնում կհայտնվեն զորացրված տղաների բարձրացված հարցերը։