«Դա հանցագործություն է ՀՀ-ի և հայ ժողովրդի նկատմամբ». Գևորգ Սաֆարյան
«Ռոբերտ Քոչարյանի գործն ունի նեղ և լայն իրավական և քաղաքական ասպեկտներ։ Ցանկացած իրավական հարցում պաշտպանների գործառույթն է իրենց պաշտպանյալի գործում գտնել այնպիսի անցքեր, որոնցով հնարավոր կլինի բացահայտ հանցագործ իրենց պաշտպանյալի պաշտպանության լծակներ ձեռք բերել։ Չեմ ասում, թե Ռոբերտ Քոչարյանի գործի պարագայում կան նման բացեր, ուղղակի ասում եմ, որ տեսականորեն այդ երևույթն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Նրա խոսքով՝ լայն իրավական և քաղաքական առումներով Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու խնդիր չկա. «Հայաստանը դառնում է իրավական, օրենքի գերիշխանության երկիր, որտեղ ցանկացած մարդ պաշտպանվելու իրավունք ունի, և պետությունը պետք է երաշխավորի նրա պաշտպանվածությունը։ Այս իմաստով բացարձակ խնդիր չկա, և Ռոբերտ Քոչարյանը զուտ իրավական իմաստով պետք է պաշտպանվի, այլ խնդիր է, որ իր անուղղակի հովանավորչությամբ կատարված բոլոր ոճիրները կասկածի առարկա չեն, և այդ ամենի և քաղաքական, և իրավական պատասխանատվությունը նա պետք է կրի և իր այդ ժամանակվա ենթակաները, գործընկերները, մեղսակիցները»։
Ասուլիսի մյուս բանախոս, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ իՀիմնադիր Գևորգ Սաֆարյանն էլ նկատեց, որ շատ է խոսվում Սահմանադրության կողմից տրված անձեռնմխելիության մասին, բայց ըստ նրա՝ աշխարհում որևէ Սահմանադրություն չի կարող մարդուն տալ անձեռնմխելիություն, որպեսզի նա տապալի սահմանադրական կարգը.
«Մենք բազմիցս ասել ենք, որ Հայաստանում սահմանադրական կարգը տասնամյակներ եղել է տապալված։ Առնվազն մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալվեց բանակային ստորաբաժանումների, բռնի ուժի կիրառմամբ, երբ տանկերը մտցվեցին Երևան։ Այստեղ ոստիկանական ուժերի մասին խոսելն ավելորդ է։ Մարտի 1-ին բանակային ուժերով զավթվել է ժողովրդի իշխանությունը»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ երբ խոսվում է սահմանադրական կարգը տապալելու մասին, ապա, ըստ տարբեր կարծիքների՝ 1996թ. Լևոն Տեր-Պետրոսյանն առաջինն է այն տապալել, ուրեմն չպե՞տք է հենց նրանից սկսել։ Ի պատասխան՝ Գևորգ Սաֆարյանն ասաց, որ այն անձը, ով տապալել է սահմանադրական կարգը, պետք է հայտնվի բանտում. «Հայաստանում սահմանադրական կարգի տապալումը հանցագործություն է ՀՀ-ի և հայ ժողովրդի նկատմամբ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում