Մարտի 1-ի գործով 10 տարվա անգործության համար ո՞վ կենթարկվի պատասխանատվության
«Մարտի 1-ի գործը նորից քննվում է՝ իր բոլոր հանգամանքներով»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ նկատելով, որ եթե 0038 գաղտնի հրամանը ստանալու ուղղությամբ նախկինում քայլ չի արվել, ապա կասկածներ կան, որ կան այլ փաստաթղթեր և վկայություններ ևս, և այժմ մեծ ծավալի քննչական գործողություններ են կատարվում։
Ըստ նրա՝ այսօր կա միտում, որ մարդիկ, որոնք նախկինում վախենալով՝ չեն հայտնել իրենց ստացած մարմնական վնասվածքի մասին, այսօր դիմում են, և տուժողների թիվը կարող է փոխվել։
Հարցին՝ 10 տարի Մարտի 1-ի գործի բացահայտումն առաջընթաց չի ունեցել, անգործության համար պատասխանատվության կենթարկվե՞ն քննչական խմբի ղեկավարը, դատավորները, Աղվան Հովսեփյանը, նաև Սերժ Սարգսյանը, Ս.Խաչատրյանը պատասխանեց. «Գործը քննվելու է ամբողջ ծավալով և նաև այս հարթության մեջ նույնպես գնահատականներ տրվելու են, և այդ գնահատականները լինելու են բացառապես ձեռք բերված ապացույցների հիման վրա։ Այսպես ասել, որ եթե չի բացահայտվել, ուրեմն քննիչները հանցագործություն են արել, դա էլ չի կարելի։ Պետք է քննություն անել, պարզել պատճառները, պայմանները, հետո նոր եզրահանգումներ անել»։
«Ես հուսով եմ, որ ամբողջը պետք է բացահայտվի։ Ես լավատես եմ»,- հավելեց ՀՔԾ պետը։
Մանրամասները՝ տեսանյութում