«Փաստերը հզոր են, անգամ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու կարիք բացարձակ չկա». Արամ Մանուկյան
Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ
– Պարոն Մանուկյան, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, թե 2008-ին դասական ռազմական հեղաշրջում է եղել, «երբ ընտրություններում պարտված թեկնածուն հայտարարում է, որ պաշտպանության երկու փոխնախարարներն անցնում են, ինչպես ինքն իրեն է անվանում՝ ժողովրդի թեկնածուի կողմը», դա բանակի ուղիղ ներքաշում էր քաղաքականության մեջ, և հիմա պատմությունն է վերաշարադրվում, փոխարենը՝ ՀՔԾ-ն կանչեր ՀՀ առաջին նախագահին, կանչում են երկրորդ նախագահին՝ որպես վկա, և մեղադրանք են առաջադրում։ Իրո՞ք պատմության վերաշարադրում է տեղի ունենում:
– Շատ լուրջ մի վերաբերվեք, որովհետև իրենք ուղղակի շփոթված են, և ինչ էլ ասում են, իրենց դեմ է աշխատում։ Սառը պետք է նայել այդ ամենին։ Փաստերը, փաստաթղթերը, կենդանի վկաները, արված հանցագործություններն այնքան շատ են, որ եթե 100 հատ Սողոմոնյան գումարվեն իրար, և ինֆորմացիան էլ ավելանա, գործի ընթացքը չի փոխվի։ Գոնե մեր ձեռքին կան այնքան փաստաթղթեր, և դա մենք հրապարակել ենք ու տվել ՀՔԾ-ին, տարիներ չարչարվել ենք, ի վերջո, հավաքել ենք բոլոր դատախազների անունները, որոնք մեղադրանք են ներկայացրել, բոլոր դատավորների անունները, որոնք սարքած ճնշման տակ վճիռներ են կայացրել, ունենք անուն առ անուն բոլոր այն ոստիկանների անունները, որոնց ցուցմունքով շուրջ 150 անմեղ մարդ բանտերում է հայտնվել։
Դրանք փաստեր են։ Եվ այսօր, փառք Աստծո, ՀՔԾ-ն ճիշտ ճանապարհին է, ՀՔԾ-ն օգտագործում է այս փաստերը և, հավանաբար, ունի ավելի շատ փաստեր, քան մենք, բայց միայն մեր ունեցած փաստերը բավարար են, որ Ռոբերտ Քոչարյանը 15 հոդվածով դատվի։ Հիմա՝ ի՞նչ կասի իրեն աջակցողը, նշանակություն չունի։ Պետք է լուրջ վերաբերվել, սա լուրջ պատմական գործընթաց է, և դեմ խոսելը զուտ խոսելու համար է։ Փաստերը հզոր են, անգամ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու կարիք բացարձակ չկա, որովհետև նրա ճնշումները ՍԴ-ի, ԿԸՀ-ի, անվտանգության ծառայությունների, ՀՔԾ-ի, ԱԺ-ի վրա այնքան ակնառու են, ապացուցված և հստակ, որ կարիք չկա Ռոբերտ Քոչարյանին հարցաքննել։
Բոլոր փաստաբանները, որ պաշտպանում են նրան, ուղղակի բիզնես են անում, լավ են անում, թող անեն, հատկապես այդ մասով օրենքի խախտում չկա։ Մի՛ անհանգստացեք, այս մասով Հայաստանն արդարադատության ճանապարհին իսկապես պատմական քայլ է անում։ Վերջին հաշվով, եթե մի պահ թեորետիկ ընդունենք, թե ՀԱԿ-ը սուբյեկտիվ է, ընդամենը վերցրեք Փաստահավաք խմբի 5 զեկույցները, ԵԽ ԽՎ բոլոր բանաձևերը՝ ամբողջապես, լրիվ անաչառ ուսումնասիրություն կատարելու համար։ Այսինքն՝ ամենատարբեր կողմերից փաստերն այնքան խորն են, ծավալուն ու հիմնավոր, որ փաստաբանների մի բանակ էլ լինի, հնարավոր չի այս ընթացքը շեղել։
Եվ այս առումով ՀՔԾ-ն շատ կազմակերպված ու գրագետ տանում է գործը, նույնիսկ արագ տեմպերով։ Ես չէի կարծում, որ կարող են այսքան արագ աշխատել։ Սա գովելի է, մենք գտնում ենք, որ սա մեր ազգի համար մաքրվելու միջոց է, և խիստ կանխարգելիչ միջոց է որևէ ղեկավարի համար, որի մտքով կանցնի իշխանություն պահել՝ մարդկանց գնդակահարելով։ Այնպես որ, ես անհանգստանալու բան չունեմ և ցանկություն էլ չունեմ պատասխանելու այդ փոքր-մոքր պաշտպանական բաներին, որոնցով իբր ցույց են տալիս իրենց նվիրվածությունն իրենց տիրոջը։
Մի հարց էլ կա՝ եթե այդպես էր, 10 տարի՝ 2008-2018 թթ., իրենք էին, չէ՞, իշխանության։ Խնդրում եմ, ասեք մի դեպք, մի փաստ, որ Մարտի 1-ի ոճրագործության համար իրենք կարողացան մի բան բացահայտել։ Միայն այդ փաստը՝ 0038 գաղտնի փաստաթղթի թաքցնելը ուղիղ 10 տարի, նշանակում է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը, որն էստաֆետը վերցրեց Ռոբերտ Քոչարյանից, 10 տարի պարտակել է Մարտի 1-ի գործի կառավարումը։ Ով՝ ով, ես չէ, որ գիտեմ։ Ես ինքս բոլոր դատախազների հետ խոսել եմ, հարցեր եմ տվել, բոլոր դատախազների հետ հանդիպել եմ Մարտի 1-ի զոհերի ծնողների հետ միասին, ես տեսել եմ, որ այդ մարդիկ բլեֆ են անում, խաբում են, կեղծում են, և իրենց նպատակը եղել է մեկը՝ հանկարծ Մարտի 1-ը չբացահայտել։
Չէ՞ որ ես վկա եմ եղել այդ մասով, եթե ուրիշին չհավատամ։ Ես՝ որպես պատգամավոր, իմ բոլոր լիազորություններն օգտագործել եմ Մարտի 1-ի գործը բացահայտելու, դրան նպաստելու համար։ Ամբողջ փաստերն ենք հավաքել, ՄԻԵԴ գործերն ենք կազմել, գիրք ենք տպել, կարող եք նայել փաստերը։ Եվ այդ փաստերը շատ-շատ ավելի լուրջ են ու իրենց ծավալի ու լրջության առումով՝ պատմական։
– Քոչարյանի մեղադրանքը «լողացող» են որակում, որ մեղադրանք է առաջադրվել Քր.օր. 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ սկզբում շեշտը դնում էին, որ ընտրություններն են կեղծվել։
– Ընտրություններ կեղծելու մեղադրանք չի եղել, և բացարձակ լղոզվածություն չկա, ՀՔԾ-ն հայտարարություն արել է սահմանադրական կարգը տապալելու հոդվածի մասին։ Քաղաքական սկիզբը եղել է ընտրությունները, և եթե հիմնավորվում է, որ սահմանադրական կարգն իսկապես տապալվել է, նշանակում է՝ ընտությունների արդյունքներն իրական չեն։ Գոնե դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել։ Բայց մեղադրանքի դիսպոզիցիան, ձևակերպումը, բանաձևումը սահմանադրական կարգի տապալումն է։
– Իսկ 10 զոհե՞րը։
– 10 զոհերն ամենածանր հետևանքն են։ Հանցագործությունը չի սկսվել մարտի 1-ին, և սա շատ կարևոր է, մեր ամբողջ ճիգերն այս 10 տարիներին գնացել են հենց այդ ուղղությամբ, որ մարտի 1-ին չի որոշվել Մարտի 1 իրականացնել և դիպուկահարներով սպանել։ Մի քանի փաստ ասեմ. մինչև անգամ ընտրությունները մեր ակտիվիստները՝ 6 հոգի հայտնի մարդիկ, արդեն ձերբակալված էին, ընտրություններից մինչև մարտի 1՝ նայեք՝ քանի գաղտնի հրաման է դուրս եկել՝ 0038-ը՝ փետրվարի 23-ին, այսինքն՝ մարտի 1-ից 8 օր առաջ ԶՈՒ տեղաշարժի հրամանը կար, այսինքն՝ սահմանադրական կարգի տապալումը սկսվել է 8 օր առաջ՝ իր բոլոր մանրամասներով, և այս գաղտնիքը պահել են բոլորը, բոլոր փաստահավաքները և բոլոր պաշտոնյաները, իմանալով, որ իսկապես սահմանադրական կարգի տապալման հիմք է այս փաստաթուղթը, պահել են։
Փետրվարի 24-ին ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Մարուքյանի թիվ 52200600 քրեական գործ հարուցելու մասին որոշումը, որը եթե կարդամ, դուք կփշաքաղվեք։ Փետրվարի 24-ին, երբ խաղաղ ցույցեր էին, մարդիկ գրել էին իրենց որոշման մեջ, որ խաղաղ ցուցարարները զինված խմբավորումներ էին կազմավորել, որոնք հետագա գործընթացներում պետք է օգտագործեին պետական իշխանությունը յուրացնելու համար։ Այսինքն՝ այսքան զրպարտություն, կեղծիք, այլանդակություն, որ իրենք արել են մինչև մարտի 1-ը, փաստաթղթավորված են, և այս փաստերի դեմ որևէ մեկը չի կարող գլուխ բարձրացնել։
Հետո գալիս է Հատուկ կարևոր գործերով ավագ քննիչ Վահագն Հարությունյանի քրեական գործ հարուցելու որոշումը, հետո արտակարգ դրության մասին որոշումը, հետո գալիս է զավեշտ՝ Միրզոյանի որոշումը քրեական գործ հարուցելու մասին, այնուհետև հանրապետության բոլոր դատախազներին ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը հանձնարարություններ է տվել, ընդ որում՝ Հատուկ քննչական ծառայությունն իրավունք չունի այսպիսի հանձնարարություն տալ հանրապետության բոլոր դատախազներին, որոնք կարդալու դեպքում կտեսնեք, թե երբ է իսկապես եղել 37 թիվ, ով է Բերիան, ով է Ստալինը։ Ստալինն այս փաստաթուղթը որ կարդար, կարող է Ռոբերտ Քոչարյանին կանչեր, ասեր՝ ինձ սովորեցրու՝ ինչպես կարելի է մարդկանց ճնշել, ոչնչացնել։ Եվ սա արդարադատության պետական խորհրդականի հրամանն է բոլոր դատախազներին։
Օրինակ՝ իրենց պետք էր ճշտել, ստուգել և գործ սարքել, որ ցուցարարները Հայաստանից Ռուսաստանի ներկայությունը հանելու կոչեր և գործունեություն են արել։ Այսինքն՝ նույնն է՝ Հիտլերի սպանության կամ հրեաների ցեղապասնության գործը մեզ վրա բերեին բարդեին։ Այս կարգի այլանդակություններ տեղի են ունեցել մարտի 1-ից առաջ։
Մարտի 1-ը և զոհերին գնդակահարելը վերջին ակորդն էր, և ոչ միայն վերջին ակորդ՝ փուլ էր, որից հետո սկսվեց մյուս շարանը՝ Սահմանադրական դատարանի վրա ճնշումը, մարդկանց ծեծուջարդերը, քրեական գործեր սարքելը, մարդկանց բանտեր լցնելը։ Սա մի ամբողջ հանցագործությունների շարք է, որ շատ երկար և շատ ընդարձակ է, որովհետև այսքան պետական մարմին համագործակցված ու համակարգված ներառել այսպիսի հանցագործության դեմ, աներևակայելի է։ Եվ այս ամենի սցենարիստը եղել է Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա այսքանից հետո եթե ասեք, որ ինչ-որ մեկը բողոքում է դրա դեմ, թույլ տվեք ծիծաղեմ, մի քիչ քմծիծաղ տամ։
– Սահմանադրական դատարանի վրա ճնշում գործադրելու մասով, ասում են, սկանդալի մեջ ենք հայտնվել, Վալերի Պողոսյանը հերքում է, թե ասել է, որ իր վրա ճնշում է գործադրվել։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Պողոսյանը հիմա փոխեց իր խոսքը։
– Ես հիմք կընդունեի իր գրավոր խոսքը, և ուրիշ ոչինչ։ Կողքից ով ինչ կասի, ինչ հայտարարություններ կլինեն, կարևոր չէ։
– Բայց «Ազատությանը» տված հարցազրույցում Պողոսյանն ինքը հերքեց։
– Ամենևին չի հերքում, ասաց, որ գրավոր ցուցմունք է տվել ՀՔԾ-ում, իսկ ինձ համար դա է հիմք։ Վերջին հաշվով, այդ գործը հարուցվել է նաև այդ մարդկանց հարցաքննության արդյունքում, և իրենք հիմք ընդունել են ոչ թե՝ «Վիկիլիքսի» նյութը, այլ՝ այդ բոլոր հարցաքննությունները, որի արդյունքում հոդված առաջադրվեց Արմեն Գևորգյանին։
Մի բանում ես վստահ եմ, որ քանի որ լուսարձակների նման և՛ Հայաստանի հասարակությունը, և՛ քաղաքական ուժերը, և՛ ամբողջ աշխարհը հետևում է այս գործի ընթացքին, ՀՔԾ-ն որևէ իրավազանցություն, որևէ պրոցեդուրային խախտում չի անի, հատկապես, որ դրա կարիքը չունի, նյութերն այնքան շատ ու այնքան հիմնավոր են։
– Այսինքն՝ վստահ եք, որ եթե Քոչարյանի փաստաբանները հետագայում դիմեն ՄԻԵԴ, Եվրոպական դատարանն էլ չի արդարացնի նրան։
– Մոռացե՛ք, ձեր մտքով թող չանցնի, որ այդ փաստաբանները լուրջ իրավաբաններ են և կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Իրենք դրա հիմքերը չունեն։ Քաղաքավարի լեզվով ասում եմ՝ մոռացե՛ք այդ մասին, որ կարող է նման բան լինել։