«Այն, որ վերջինս Պուտինին դուր չի գալիս, հասկանալի է, չնայած Փաշինյանն ամեն կերպ աշխատում է նրան գոհացնել». Միխայիլ Սահակաշվիլի
2008թ. ռուս-վրացական պատերազմի թեմայով novayagazeta.ru-ին տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Մ.Սահակաշվիլին, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, դրա ընթացքին ու զարգացումներին։
«Մոսկվան ուզում է ստեղծել մի իրավիճակ, որը կար Հայաստանում, թե թուրքերը կգան ու բոլորին կմորթեն։ Եվ եթե Հայաստանի դեպքում դա պատմական հիմք ունի, և հայերն ինչ-որ մտավախություններ ունեն, որոնք նրանց տեսանկյունից կարող են արդարացված լինել, ապա Աբխազիայում 90-ականների պատերազմը քաղաքացիական էր»,- այս մասին novayagazeta.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ ավելացնելով, որ այնտեղ հիմնականում վրացիներն էին մարտնչում վրացիների դեմ, իսկ աբխազները սոսկ երկրորդական դեր էին խաղում։
Սահակաշվիլու խոսքերով՝ հյուսիսկովկասյան կամավորականները, ռուս զինվորականներն ու աբխազների մի մասն էթնիկ մաքրում իրականացրին, և շուրջ 500 000 մարդ ստիպված եղավ լքել իր տունը, սակայն ժամանակի հետ այդ թշնամությունն անցավ, քանի որ այն պատմական հիմք չուներ։
«Կովկասն ինքն արագ է փոխվում, ինչի վառ օրինակը Հայաստանն է։ Բացարձակ վերահսկողություն չկա, կա միայն ռազմական վերահսկողություն, և ռուսական քարոզչությունն ունակ չէ ժողովրդին հետ պահել նրա կամարտահայտությունից, թեպետ վախենամ, որ Պուտինը հենց այնպես Հայաստանին բաց չի թողնի։ Կարծում եմ, աշնանը Փաշինյանի դեմ ալիք կբարձրացնեն։ Այն, որ վերջինս Պուտինին դուր չի գալիս, հասկանալի է, չնայած Փաշինյանն ամեն կերպ աշխատում է նրան գոհացնել։ Բայց նրան հնարավոր չէ գոհացնել…»,- ավելացրել է Սահակաշվիլին։
Վրաստանի նախկին նախագահի կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցավ այն, ինչից նա ամենաշատն էր վախենում։ Ոչ մի փող ու մեխանիզմ չկարողացան ժողովրդի կամքի դեմն առնել։ Պուտինը չէր կարող չտեսնել, որ այս երիտասարդությունը շատ արևմտամետ է, անգլիախոս, և այն բնական կերպով ինքնահեռացվում է Ռուսաստանից։ Դրան գումարած՝ կան ռուսական զորքերի ներկայության հետ կապված մեծ վերապահումներ, հատկապես, երբ նրանք իրենց ոչ թե բարեկամական ուժի պես են պահում, այլ՝ որպես զավթիչներ, ինչը չի կարող մարդկանց չնյարդայնացնել ժամանակակից աշխարհում։
«Հաջորդիվ Փաշինյանը գնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի, ինչպես նաև Հայաստանում «Գազպրոմի» ղեկավար Քոչարյանի դեմ, ովքեր Հայաստանում Ռուսաստանի գլխավոր հենասյուներն են,- շարունակում է Սահակաշվիլին,- ես չգիտեմ, թե Փաշինյանը Մոսկվայում ինչ է պատմել, բայց Պուտինն այդպիսի բաները կուլ չի տալիս»։
Ըստ Սահակաշվիլու՝ այժմ, ամեն դեպքում, անկասկած, կփորձեն պաշտոնանկ անել Փաշինյանին։ Փաշինյանի մոտ խոշոր տհաճություններ կսկսվեն, կլինեն բողոքի ցույցեր, Մոսկվայում գտնվող օլիգարխները հսկայական գումարներ կվճարեն, Փաշինյանի դեմ Հայաստանի ներսում կմիավորվի կազմակերպված հանցավորությունը։
«Նա շատ քիչ ժամանակ ունի իր իշխանությունը կոնսոլիդացնելու համար, և իմ տեսանկյունից՝ իզուր չցրեց Խորհրդարանը, երբ նա բոլոր լծակներն ուներ, ու նոր մարդիկ չհավաքեց։ Նա չցրեց իրավապահ համակարգը, փորձում է ձերբակալել Քոչարյանին, սակայն հին իրավապահ համակարգը կվիժեցնի նրա որոշումները։ Նա ամեն ինչ ճիշտ է անում, բայց չի փոխում համակարգը, և այդ հին համակարգը կդադարի հրամաններ կատարել ու կաշխատի նրա դեմ»,- եզրափակել է Մ.Սահակաշվիլին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը



