Բաժիններ՝

Օգոստոսի 8-ը Կատուների համաշխարհային օրն է

Ամեն տարի օգոստոսի 8-ին նշվում է Կատուների համաշխարհային օրը. այդ տոնը նվիրված է  գերբնական էակներին, որոնք ավելի վառ ու երջանիկ են դարձնում մեր կյանքը:

Կատուների համաշխարհային օրը նշվում է 2002 թվականից: Այդ օրը կատուների բոլոր տերերը իրենց բեղավոր ու պոչավոր սիրելիներին երես են տալիս նոր տնակներով ու խաղալիքներով եւ, իհարկե, համեղ կերակուրներով։

Կատուների համաշխարհային օրն արդեն 16 տարի տոնում են Կենդանիների պաշտպանության միջազգային ֆոնդի նախաձեռնությամբ: Կատուների համաշխարհային օրը կոչված է հասարակության ուշադրությունը դարձնել անտուն կենդանիների խնդրի վրա, ինչպես նաեւ կատուների համար ստեղծել հնարավորինս շատ ապաստարաններ եւ որակյալ կեր արտադրել նրանց համար:

Կատուներն ամբողջ աշխարհում սեր են վայելում: Մարդու ամենահին ուղեկիցներից մեկի պատվին ազգային տոներ են սահմանված բազմաթիվ երկրներում: Մեր մոլորակի վրա ոչ մի այլ արարած այդքան տոների ու մեծարանքի չի արժանացել, որքան կատուները. յուրաքանչյուր երկրում կան տոնակատարության իրենց ավանդույթները: Օրինակ՝ Ճապոնիայում կատուներին մեծարում են փետրվարի 22-ին, ԱՄՆ-ում՝ հոկտեմբերի 29-ին, Լեհաստանում՝ փետրվարի 17-ին, Անգլիայում, Ռուսաստանում եւ Չինաստանում՝ մարտի 1-ին եւ այլն: Անգլիայում կատուներն առանձնակի տեղ ունեն: Դա բացատրվում է նրանով, որ տարեկան մեկ կատուն փրկում է առնվազն 10 տոննա հացահատիկ, իսկ մի քանի տասնյակ կատուներ Բրիտանական թանգարանում պաշտոնապես նվիրական հուշաիրերը պահպանում են մկներից:

Ահա թե ինչու Կատուների համաշխարհային օրը նրանց ամեն կերպ խրախուսում են՝ հյուրասիրում կատվային տարատեսակ նրբախորտիկներով:

Անգլիացիները պետական ծառայության մեջ գտնվող կատուներին ապահովում են հատուկ ձեւի հարմարավետ տնակներով: Ավստրիայում մի քանի տարվա ընթացքում պարենամթերքի պահեստները պահպանող կատվին ցմահ թոշակ են նշանակում մսի, արգանակի եւ կաթի տեսքով: Կատուներին օրենսդրական մակարդակով պահպանում են Չինաստանում, որտեղ ավելի վաղ այս հմայիչ արարածներին օգտագործում էին կերակրի մեջ:

Նոր օրենքի ընդունումից հետո օրինախախտներին սպասում է պատկառելի տուգանք կամ 15-օրյա բանտային կալանք: Սնահավատ իտալացիները կատուներին համարում են միստիկ արարածներ, որոնք ունակ են քշել չար ուժերին: Ահա թե ինչու Իտալիայում կատուներին շատ լավ են վերաբերվում ոչ միայն Համաշխարհային օրը, այլ մշտապես, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս