Ֆրանսիայի կայարաններում շուրջ 1500 մարդ է արգելափակվել ամպրոպի պատճառով. BFM
Անցած գիշեր Ֆրանսիայի Լիզիեի, Կանի, Էվրյոյի կայարաններում շուրջ 1,5 հազար մարդ է հայտնվել արգելափակման մեջ ամպրոպների պատճառով, որոնք խախտել են գնացքների երթեւեկությունը: Այս մասին հայտնել է BFM հեռուստաալիքը:
Ամպրոպները եւ քամու սաստիկ պոռթկումները, որոնց արագությունը մի շարք տարածաշրջաններում հասել է ժամում 100 կիլոմետրի, հանգեցրել են այն բանին, որ երկաթուղիների որոշ հատվածներ ծածկվել են տապալված ծառերով: Բացի դրանից, որոշ դեպարտամենտներում, մասնավորապես Կալվադոսում, ամպրոպներն ուղեկցվել են տեղատարափ անձրեւներով:
Ֆրանսիայի երկաթուղիների ազգային ընկերության (SNCF) աշխատակիցներն ստիպված են եղել աշխատել ամբողջ գիշեր՝ վատ եղանակի հետեւանքները վերացնելու համար: Ինչպես հայտնել են ընկերությունում, բոլոր ուղեւորներին ջուր եւ չոր մթերաբաժին է տրամադրվել: Սակայն ճանապարհորդներից ոմանք որոշել են չսպասել գնացքների երթեւեկության վերականգնմանը, այլ գիշերել մերձակա հյուրանոցներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



