Բաժիններ՝

Ռոբերտ Ռեդֆորդը որոշել է դադարեցնել իր նկարահանումները կինոյում

Ամերիկացի դերասան եւ ռեժիսոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր Ռոբերտ Ռեդֆորդը որոշում է ընդունել դադարեցնել կինոյում նկարահանվելը: Այս հայտարարությամբ 81-ամյա կինեմատոգրաֆիստը հանդես է եկել հարցազրույցում, որը օգոստոսի 6-ին հրապարակվել է Entertainment Weekly ամերիկյան հանդեսի կայքում։

Ռեդֆորդի խոսքով՝ ինքը վերջին անգամ կինոէկրանին գողի դերում կհայտնվի ռեժիսոր Դեւիդ Լոուրի «Ծերունին եւ զենքը» կրիմինալ դրամայում: Այդ ֆիլմը պետք է ԱՄՆ-ի էկրաններ դուրս գա սեպտեմբերին: Այդ կինոնկարում Ռեդֆորդը նկարահանվել է Քեյսի Աֆլեքի հետ եւ հանդես է եկել որպես համապրոդյուսեր: «Երբեք մի ասա երբեք: Բայց ես հաստատ որոշել եմ, որ դա վերջին անգամն է լինելու, երբ ես հանդես կգամ որպես դերասան: Ես պատրաստվելու եմ անցնել թոշակի, որովհետեւ դրանով զբաղվում Էի այն ժամանակվանից, երբ լրացավ իմ 21 տարին»,- հայտարարել է Ռեդֆորդը: «Ես մտածեցի՝ վերջ, բավական է»:

Իսկ ինչո՞ւ չհեռանալ լավատեսական եւ դրական նոտայով»,-հավելել է նա: Իր վերջին դերի մասին դերասանն ասել է. «Ինձ համար շատ հետաքրքիր էր այդ կերպարը մարմնավորել կյանքիս այս փուլում»: «Նրա մեջ ինձ գրավեց այն (եւ ես կարծում եմ՝ դա կերեւա ֆիլմում), որ նա 17 բանկ է կողոպտել, 17 անգամ բռնվել եւ 17 անգամ բանտ նստել: Բայց նա 17 անգամ փախել է բանտից,-շարունակել է դերասանը:-Եվ ես մտածեցի. «Իսկ ի՞նչ, եթե նա դեմ չէր, որ իրեն բռնեին, որ նա կրկին կարողանար փախչել եւ հաճույք ստանալ կյանքից»:

Միեւնույն ժամանակ Ռեդֆորդը չի բացառում, որ կրկին կարող է իրեն փորձել որպես ռեժիսոր: Հնարավոր նոր ռեժիսորական նախագծերի վերաբերյալ հարցին նա հայտարարել է. «Դե ինչ, կտեսնենք»: Ռեդֆորդը 1981 թվականին «Օսկար» մրցանակ է ստացել «Լավագույն ռեժիսուրա» կատեգորիայում «Սովորական մարդիկ» կինոնկարի համար, որը նաեւ «Օսկար» է ստացել «Լավագույն կինոնկար» գլխավոր կատեգորիայում: 2002 թվականին Ռեդֆորդը եւս մեկ «Օսկար» է ստացել կինեմատոգրաֆում ունեցած բացառիկ վաստակի համար: Ռոբերտ Ռեդֆորդը կինոյում աշխատանքի է ձեռնամուխ եղել 21 տարեկան հասակում: Իր 60-ամյա կարիերայի ընթացքում դերասանը նկարահանվել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Բուչ Քեսիդին եւ Սանդենս Քիդը» (1969 թ.), «Մեծն Գեթսբին» (1974 թ.), «Ննախագահական ողջ շքախումբը» (1976 թ.), «Շահախարդախություն» (1973 թ.) կինոնկարները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս