Բաժիններ՝

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը նոր պետ ունի

Օգոստոսի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Հարությունյանին:

Ծառայության պետը հիմնարկի ղեկավարումը ստանձնելու առիթով շնորհավորեց նորանշանակ պետ Խ. Հարությունյանին ՝ մաղթելով արդյունավետ և ժամանակի պահանջներին համընթաց աշխատանք: Արդարադատության փոխգնդապետ Խ. Հարությունյանը շնորհակալություն հայտնեց իրեն ցուցաբերած վստահության համար և հավաստիացրեց, որ բարեխղճորեն կկատարեն իր և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անձնակազմի առջև դրված պարտականությունները:

Հիմնարկի պետին պաշտոնապես ներկայացնելուց հետո ծառայության պետ Ա. Մխոյանը շրջայց կատարեց հիմնարկի տարածքում՝ բնակելի գոտում, բուժմասում, խոհանոցում, պատժախցերում, գրադարանում, արհեստագործական և կարճատև տեսակցությունների համար նախատեսված սենյակներում՝ ծանոթանալու ներկա պայմաններին, հրատապ լուծում պահանջող առկա խնդիրներին: Շրջայցի ընթացքում ծառայության պետը զրուցեց նաև դատապարտյալների և կալանավորված անձանց հետ՝ տալով հստակ պարզաբանումներ նրանց հուզող առաջնային հարցերին:

Ամփոփելով աշխատանքային այցը՝ Ա. Մխոյանը «Արմավիր»  ՔԿՀ վարչակազմի և աշխատակիցների ուշադրությունը հրավիրեց վերհանված խնդիրների վրա՝ հրահանգելով լինել հետևողական, աշխատել անձնվեր՝ օրենքի տառին համահունչ. «Պետք է հիշենք, որ գործելու ենք բացառապես օրինականության դաշտում: Անհրաժեշտ է, որ մեզնից յուրաքանչյուրը ինքնավերափոխվի, անհատական աշխատանքի և մոտեցումների միջոցով վերափոխի նաև ենթակաների մտածելակերպը, հոգեբանությունը, աշխատաձևը, միայն այս դեպքում մենք կարող են արձանագրել հաջողություններ»:

Քրեակատարողական ծառայության պետ Ա. Մխոյանն առանձնահատուկ շեշտադրեց կոռուպցիայի դեմ մղվող պայքարը. «Կոռուպցիոն դրսևորումներն իսպառ արմատախիլ պետք է արվեն… սա ամենագլոբալ չարիքն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս