«Փյունիկ»-«Մաքաբի Թել Ավիվ». «Փյունիկը» ոչ մի մրցակցից չի վախենում
Պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը խաղալու է Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում: Արդեն այսօր Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կկայանա «Փյունիկ»-«Մաքաբի Թել Ավիվ» առաջին հանդիպումը:
Դիմակայության առաջին խաղում հայկական ակումբը փորձելու է անել ամեն ինչ լավ արդյունքի հասնելու և սեփական դարպասը գնդակ բաց չթողնելու համար: Օգոստոսի 16-ին կայանալիք պատասխան խաղից առաջ հայկական ակումբի համար շատ կարևոր է Երևանում խաղը ձեռնտու հաշվով ավարտելը:
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը խաղից առաջ նշում է, որ իրենք մրցակցին չեն զննել և ուշադրությունը դարձնելու են իրենց խաղի վրա: Գլխավոր մարզչի խոսքով՝ «Փյունիկին» բոլոր փուլերում բաժին են հասել ուժեղ մրցակիցներ:
«Մրցակցի կազմում կան շատ լավ ֆուտբոլիստներ, ակումբը ցուցադրում է թիմային խաղ: Նրանք փորձառու են եվրագավաթներում: «Մաքաբիի» գլխավոր մարզչի հետ ունենք ընդհանուր ծանոթներ, նա ևս շատ լավն է:
Մենք միայն հարգում ենք մրցակցին, բայց մենք ոչ ոքից չենք վախենում»:
Հայկական ակումբի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը ևս նշում է, որ իրենք ոչ ոքից չեն վախենում:
«Մենք երրորդ փուլում ենք և կփորձենք հաղթել նաև այս փուլում։ Ծանր հանդիպում է լինելու, բայց հաղթանակը իրատեսական է: Թիմը անմնացորդ նվիրումով է դուրս գալու խաղադաշտ»:
Հիշեցնենք, որ Պետրոս Ավետիսյանը չի կարողանա մասնակցել հանդիպմանը, քանի որ նախորդ խաղի վերջնամասում կարմիր քարտ է ստացել: Կիսապաշտպանը նշում է, որ կարմիր քարտն առաջինն էր իր կարիերայում:
«Մաքքաբիի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչը հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշում է, որ իրենք ուսումնասիրել են «Փյունիկին» որակավորման 2-րդ փուլից, գիտեն, որ հայկական ակումբը ֆիզիկապես ուժեղ թիմ է:
Իվիչի խոսքով՝ իրենց թիմի միակ նպատակը հաղթելն է, իրենք խնդիր ունեն հաղթել Երևանում և հետո ամբողջ դիմակայությունում:
«Մաքքաբիի» ֆուտբոլիստ Աարոն Շոնֆիլդն էլ նշում է, որ հայկական ակումբի երրրոդ փուլում լինելը որոշ ազդակներ է տալիս, բայց իրենք լրջորեն են տրամադրված:
Հանդիպումը սպասարկելու է հոլանդական մրցավարական բրիգադը՝ Պոլ վան Բոկելի գլխավորությամբ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, որակավորման 2-րդ փուլում հայկական ակումբին աջակցելու էր եկել հայտնի մարզական լրագրող և մեկնաբան Նոբել Առուստամյանը: Այս անգամ Երևանում է հայտնի ռուս մեկնաբան Վասիլի Ուտկինը: Նա տեսագրությամբ հայտնել է, որ Երևան է եկել՝ աջակցելու հայկական ակումբին:
Եթե երրորդ փուլում «Փյունիկը» կարողանա հաղթահարել Թել-Ավիվի «Մաքքաբիի» արգելքը, ապա փլեյ օֆֆ փուլում կմրցի «Սարպսբորգ» (Նորվեգիա) – «Ռիեկա» (Խորվաթիա) զույգի հաղթողի հետ։ Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆ փուլը հաղթահարելու պարագայում «Փյունիկը» կկարողանա մասնակցել խմբային փուլին։
Հիշեցնենք նաև, որ հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 20:00-ին: Մուտքն ազատ է:
Սիրարփի Աղաբաբյան