Տիգրան Ավինյանը նորմալ է համարում Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ՀԴՅ-ի և «Ծառուկյան»-ի պատգամավորների միջնորդությունը
ՀՀ փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը նորմալ է համարում ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների որոշ պատգամավորների կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ներկայացրած միջնորդությանը: Այս մասին օգոստոսի 7-ին «Ազատության» ուղիղ եթերում հայտնեց Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետի խոսքով` կոալիցիոն գործընկերների այս քայլի վերաբերյալ իրենք, այնուամենայնիվ, եզրակացություններ կանեն:
«Դա նրանց իրավունքն է, և այստեղ շատ կարևոր է փաստ արձանագրել, որ Հատուկ քննչական ծառայությունը գործադիրից որևէ հրահանգ չի ստանում, այն գործում է անկախ, ինչպես նաև որևէ հրահանգ չի ստանում առաջին ատյանի դատարանը: Մեր գործընկերների հետ փոխհարաբերվելու առումով այս գործողությունները որոշակի վերլուծության ենթարկելու կարիք կա: Կարծում եմ` այդ վերլուծական գործընթացը կբերի որոշակի եզրահանգումների»,- նշեց Ավինյանը:
Փոխվարչապետն անդրադարձավ նաև ՀՅԴ Գերագույն մարմնի տարածած հաղորդագրությանը` ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Ավինյանը նշեց, որ գործադիրը դատական իշխանության վրա որևէ ճնշում չի գործադրելու:
«Դաշնակցությունը, որ այս կառավարության մաս է, պետք է շատ հստակ իմանար, թե ինչպիսի փոխհարաբերություններ կան գործադիր և դատական իշխանությունների միջև, արդյոք ճնշումներ կան դատական իշխանությունների վրա, թե` չկան: Ինձ համար մի փոքր անհասկանալի է այս հաղորդագրության բովանդակությունը: Առաջին օրվանից մենք ֆիքսել ենք, որ գործադիրը որևէ ճնշում չի գործադրելու դատական իշխանության վրա: Որևէ մեկը դատավորին չի զանգում և ասում` ինչ անի նա: Դա անընդունելի է»,- նշեց փոխվարչապետը: