ԱՆ հորդորը վերաներում է Սևանա լճի որոշ` «ծաղկած» ափերում չլողալուն. տարընկալում կա
Սեւանա լճի որոշ հատվածներում լողալուց զերծ մնալու մասին առողջապահության նախարարության հորդորը չպետք է տարընկալումների պատճառ դառնա:
«Արմենպրեսի»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը` անդրադառնալով այս առիթով Գեղարքունիքի մարզի որոշ բնակիչների դժգոհությանը: «Ես կրկին հղում եմ կատարում նախարարության պաշտոնական պարզաբանմանը, որտեղ խոսք է գնում ոչ թե առհասարակ Սեւանա լճում չլողալու մասին, այլ հստակ ընդգծվում է` զերծ մնալ միայն կոնկրետ «ծաղկած» կամ առատ ջրիմուռներով վայրերից: Նախարարության այս հայտարարությունը որեւէ կերպ չի առնչվում Սեւանա լճի մաքուր ափերում լողալուն: Հանրային լողափերը, հանգստի գոտիները, որտեղ նման խնդիր չկա, կարող են լինել եւ մնում են մարդկանց հանգստի համար հարմար վայր: Այս մասին իր հարցազրույցում եւ տեսաուղերձում բազմիցս հայտարարել են նաեւ առողջապահության նախարարը եւ նախարարության մասնագետները»,-շեշտեց Լիանա Եղիազարյանը:
Նա հավելեց, որ Սեւանա լճին առնչվող բնապահպանական խնդիրների մասին բնապահպանները խոսում են վաղուց` ներկայացնելով իրենց փաստարկները: Առողջապահության նախարարությունն իր հերթին մեծապես կարեւորում է հանրային առողջությանն առնչվող խնդիրները:
Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին` քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց:
Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։
Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։
Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է`
- չլողալ կանաչ կամ «ծաղկած» ջրում,
- արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում,
- վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի: