«Քայլ դեպի տուն» ծրագիրը աննախադեպ է միաժամանակյա մասնակցության առումով
Սփյուռքահայ երիտասարդների համար նախատեսված «Քայլ դեպի տուն» ծրագիրը հագեցած է լինելու ուսումնական և ճանաչողական միջոցառումներով: Ծրագրին մասնակցելու է ավելի քան 500 սփյուռքահայ երիտասարդ՝ աշխարհի տարբեր երկրներից:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Քայլ դեպի տուն» ծրագրի պատասխանատու Հայկ Ենգիբարյանը: Նրա խոսքով` ծրագիրը միտված է լինելու խթանելու հայապահպանությանը և հայրենադարձությանը:
«Ծրագրի առաջին հատվածը ուսումնական բաղադրիչն է, որը ներառում է իր մեջ հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ, հանդիպումներ Հայաստանի պետական և մշակութային գործիչների հետ, ֆիլմերի դիտումներ:
Երկրորդ հատվածում կլինեն ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, Հայաստանի կրթական կենտրոններ: Իսկ ծրագրի վերջին երեք օրը երիտասարդները կանցկացնեն ճամբարում»,- ասաց Ենգիբարյանը:
Ծրագրի պատասխանատուն նշեց, որ հայոց լեզվի արագացված դասընթացների համար խմբերը կազմվել են ըստ լեզվի իմացության մակարդակի, տարիքի և տարածաշրջանի առանձնահատկությունների:
«Հայոց լեզվի դասաժամերը կրկնապատկվել են, ավելացել է «Հայոց պատմություն» առարկան: Ծրագրի մասնակիցները կայցելեն նաև հայաստանյան ուսումնական հաստատություններ, կծանոթանան ուսումնական ծրագրերին»,- նշեց Ենգիբարյանը:
Սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանն ընդգծեց, որ ծրագիրն աննախադեպ է մասնակիցների միաժամանակյա մասնակցության առումով:
Ըստ փոխնախարարի` նախորդ ծրագրերի միացման արդյունքում հաջորդ տարվա բյուջեում 50 միլիոն դրամի խնայողություն է տեղի ունենալու:
«Ծրագիրն «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի միացման արդյունքն է: Նպատակը, որ մրցույթին կարողանան մասնակցել նաև այլ կազմակերպություններ և բացառվեն կոռուպցիոն ռիսկերը: Մրցույթին մասնակցել է չորս կազմակերպություն և շահել է «Լոռե հոլդինգ» ՍՊԸ-ն: Շահող կազմակերպությունն արդեն սկսել է կազմակերպական աշխատանքները», – հավելեց փոխնախարարը:
ՀՀ սփյուռքի նախարարությունը օգոստոսի 10-24-ը իրականացնում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: