Բաժիններ՝

Տոկիոյի բժշկական համալսարանը ներողություն է խնդրել դիմորդների միավորների հետ կապված մեքենայությունների համար

Տոկիոյի բժշկական համալսարանի ղեկավարությունը օգոստոսի 7-ին ներողություն է խնդրել ընդունելության քննությունների ժամանակ իրենց դիմորդների գնահատականների հետ կապված մեքենայությունների՝ աղջիկների միավորներն իջեցնելու եւ դրամական փոխհատուցման դիմաց առանձին դիմորդների միավորները բարձրացնելու համար:

Բժշկական բուհի ղեկավարության ներողությունը հնչել է համալսարանի գործունեության ստուգման արդյունքների հրապարակման ֆոնին, որն անցկացվել է անկախ փաստաբանների խմբի կողմից: «Անկեղծորեն ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ մենք թույլ ենք տվել նման անարդարություն եւ չարաշահել մեր հասարակության վստահությունը»,-հատուկ մամուլի ասուլիսում հայտարարել է Տոկիոյի բժշկական համալսարանի կառավարող տնօրեն Տեցուո Յուկիոկան՝ խորը գլուխ տալով:

Նրա խոսքով՝ համալսարանն անցկացնում է լայնընդգրկուն ներքին ստուգում՝ ուղղված այն բանին, որ խտրական պրակտիկաներն այլեւս երբեք չկրկնվեն: Ավելի վաղ Ճապոնիայի իշխանությունները քննադատել են Տոկիոյի բժշկական համալսարանը, որը, ինչպես հաղորդել է The Yomiuri Shimbun թերթը, մի քանի տարի շարունակ իջեցրել է աղջիկների միավորները ընդունելության քննությունների ժամանակ, որպեսզի արական սեռի ավելի շատ ուսանողներ ընդունի: Հրատարակության տվյալներով՝ նման պրակտիկան Տոկիոյի բժշկական համալսարանի ֆակուլտետներից առնվազն մեկում կիրառվել է մոտավորապես 2011 թվականից: Մի քանի տարի այստեղ ընդունվող աղջիկների գնահատականներն իջեցրել են միանգամից 10 տոկոսով:

Արդյունքում՝ վերջին տարիներին այս ֆակուլտետում աղջիկները կազմում էին սովորողների մեկ երրորդից ոչ ավելին: Ընդ որում՝ իրադրությունը սրվել է 2018 թվականին, երբ պարզվել է, որ գարնանն ընդունվածների թվում 140-ն արական սեռի ներկայացուցիչներ են եւ ընդամենը 30-ը՝ աղջիկ: Համալսարանի՝ անունը չնշած ներկայացուցիչը NHK հեռուստաալիքի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ նշել է, որ բուհի նման քաղաքականությունը կապված է այն բանի հետ, որ կանայք հաճախ են բժշկի կարիերան ընդհատում այն պատճառով, որ ամուսնանում են եւ երեխաներ ունենում: Արդյունքում՝ համալսարանական խոշոր հիվանդանոցը, որը գտնվում է Սինձյուկույի շրջանում, կարող է կադրերի անսպասելի պակաս ունենալ, ինչը հնարավոր չի լինի լրացնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս