
Daimler-ն ԱՄՆ-ի պատժամիջոցների կապակցությամբ դադարեցնում է աշխատանքներն Իրանում

Գերմանական ավտոմոբիլային ընկերությունների Daimler խումբը հայտարարել է, որ Իրանում իր գործունեությունը դադարեցնում է այս երկրի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման կապակցությամբ:
Այդ մասին օգոստոսի 7-ին հայտնել է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Daimler-ի հայտարարությունը։ Խմբի մամուլի ծառայությունը գործակալությանը հայտնել է, որ ինքը դադարեցնում է իրանական ընկերությունների հետ համատեղ Mercedes բեռնատարների արտադրության եւ վաճառքի նախագծի իրականացումը:
Daimler-ի ներկայացուցչուհին հավելել է, որ այդ նախագիծը սահմանափակ մասշտաբներ ուներ, եւ որ դրա իրագործումը դադարեցված է անորոշ ժամկետով՝ մինչեւ նոր ծանուցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: