«Այդտեղ սաբոտաժի տարրեր հնարավոր չէ չգտնել». Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ մոտ 2-3 շաբաթ առաջ բաց նամակ են ստացել «Լույս» հիմնադրամի այն կրթաթոշակառուներից, ովքեր պետք է սովորեն աշխարհի լավագույն տասը համալսարաններում, և հիմնադրամի գործունեության դադարեցման պատճառով կանգնել են փաստի առաջ։ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը գտել է գործընկերներ, որոնց հետ համագործակցության արդյունքում «Լույս» հիմնադրամի շահառուներից 18-ը կապահովվեն առաջին ուսումնական տարվա համար անհրաժեշտ կրթաթոշակով։
Ինչ վերաբերում է մյուս ուսումնական տարիներին, ապա վարչապետի կինը վստահեցրեց, որ ուսանողներին մենակ չեն թողնի։
«Ընդհանուր առմամբ, 517 հազար դոլարի ներդրում է եղել, արդյունքում՝ 18 երեխա «Լույս» հիմնադրամի շահառուներից, և 4 երեխա, ովքեր դիմել էին, բայց «Լույսի» շահառուներից չէին, կստանան կրթաթոշակ։ Այս պահին մեզ շարունակում են դիմել, բայց ես ուզում եմ խնդրել բոլորին՝ մենք սա արել ենք արտակարգ իրավիճակի պայմաններում, «Իմ քայլը» հիմնադրամը չի կարող այս ճանապարհով լուծում տալ այն խնդիրներին, որոնց առաջ կանգնած ենք եղել։ Մենք արդեն սկսել ենք քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի հասկանանք, թե այս հարցն ինչպես պետք է հիմնավոր լուծում ստանա»,- ասաց Աննա Հակոբյանը։
Սփյուռքից ևս 24 երիտասարդ է եղել «Լույսի» շահառու, որոնց, ըստ Հակոբյանի՝ հնարավոր չի եղել օգնության ձեռք մեկնել. «Մենք կապի մեջ ենք եղել հայաստանցիների հետ, երեխաներն այս ընթացքում իրենք էլ էին գտել ճանապարհներ, և պակասող ֆինանսական միջոցները գտել ենք»։
Հարցին՝ «Լույս» հիմնադրամի գործունեությունը համարո՞ւմ է մանր սաբոտաժ, ինչպես նշել էր ներկայիս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, նա այսպես պատասխանեց, որ «Լույս» հիմնադրամի գործունեության դադարեցման մեջ սաբոտաժի տարրեր հնարավոր չէ չգտնել. «Բայց նաև կարծում եմ, որ այն մեթոդաբանությունը, որով այդ ընթացքում աշխատել են և՛ «Լույսը», և՛ մյուս հիմնադրամները, այլևս հնարավոր չէր նոր իրողություններում և նոր քաղաքական պայմաններում աշխատել։
Այսինքն՝ սաբոտաժի տարրը չհերքելով՝ ես կարծում եմ, որ դա նաև ինչ-որ իմաստով պարտադրված էր, որովհետև դժվար է պատկերացնել, որ այդ հիմնադրամի կառավարիչները կարողանային արագ հարմարվել և նոր իրողություններում գտնեին լուծումներ։ Բավականին մեծ գումարների մասին է խոսքը, և այն, ինչ նախկինում արվել է, բոլորս էլ գիտենք՝ ինչպես է արվել, և ինչ-որ իմաստով ստիպված քայլ էր»։
Հակոբյանն այս ընթացքում կասկածներ է լսել նաև կրթաթոշակառուների ընտրման վերաբերյալ, որոնք չի կարող հաստատել կամ հերքել։