«Թբիլիսին և մյուս մայրաքաղաքները պետք է եզրակացնեն, որ ցանկացած ագրեսիա պատժելի է». Կարասին
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Թբիլիսին եւ աշխարհի մյուս մայրաքաղաքները 2008 թվականի օգոստոսի իրադարձությունների օրինակով պետք է եզրակացություն անեն ագրեսիայի համար պատժի անխուսափելիության մասին։
ՏԱՍՍ-ին տված մեկնաբանության մեջ, որը զուգադիպել է Հարավային Օսիայի դեմ վրացական ագրեսիայի տարեդարձին, նա ասել է, որ այսօր Վրաստանը պետք է ափսոսա իր որոշման համար:
«Այն ժամանակ Միխեիլ Սահակաշվիլին վա-բանկ գնաց եւ, ինչպես դա միշտ լինում է տաքարյուն եւ ոչ այնքան պատասխանատու ղեկավարների հետ, տանուլ տվեց,-պարզաբանել է փոխնախարարը:-Արյունալի ագրեսիայի գնալով Հարավային Օսիայի դեմ՝ արդյունքում նա ստացավ երկու երիտասարդ պետությունների գոյության բացարձակապես նոր իրողություններ, որոնց մենք ճանաչեցինք 2008 թվականի օգոստոսի 26-ին: Խոսքը վերաբերում է Աբխազիայի Հանրապետությանը եւ Հարավային Օսիայի Հանրապետությանը, որոնց հետ մենք դաշնակցային հարաբերություններ ենք զարգացնում եւ շարունակելու ենք դա անել»:
«Հուսով եմ, որ տարատեսակ ագրեսիվ գործողությունների կապակցությամբ եզրակացություններ կարվեն Թբիլիսիում եւ ոչ միայն Կովկասի, այլեւ ամբողջ աշխարհի մյուս մայրաքաղաքներում,-նշել է Կարասինը:-2008 թվականի այդ իրադարձությունը, անտարակույս, միջազգային մասշտաբի իրադարձություն է, որը ցույց տվեց, որ ցանկացած ագրեսիա պատժելի է, իսկ ցանկացած ագրեսիվ գործողության արդյունքները ճիշտ հակառակն են այն նպատակների, որոնք ագրեսորը մտահղացել է»: «Ուրախ ենք, որ կովկասյան այդ երկու պետությունների միջազգային ճանաչումն ընդլայնվումէ, իսկ հանրապետություններն իրենք աշխատում են բարեկարգել իրենց կյանքը»,-հավելել է դիվանագետը: