
«Ես հեռանում եմ առանց թշնամության». Կոլումբիայի նախագահը հրաժեշտ տվեց երկրին և հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին

Օգոստոսի 7-ին Կոլումբիայի նախագահի պաշտոնից հեռացող Խուան Մանուել Սանտոսը հանդես է եկել ազգին հղած հրաժեշտի ուղերձով եւ հայտարարել, որ հեռանում է մեծ քաղաքականությունից։
Օգոստոսի 7-ին նախագահի աթոռը պաշտոնապես կզբաղեցնի Իվան Դուկեն, որը հաղթել է պետության ղեկավարի ընտրություններում: Սանտոսը Կոլումբիան գլխավորել է երկու ժամկետ անընդմեջ՝ ընդհանուր առմամբ ութ տարի: «Ես հեռանում եմ քաղաքականությունից, բայց կշարունակեմ աշխատել այլ բնագավառներում (ներքին հակամարտության – խմբ.) զոհերի եւ հաշտության համար: Ես հեռանում եմ առանց թշնամության… Փառք Աստծուն, իմ սրտում ո՛չ ատելություն կա, ո՛չ էլ վիրավորանք»,- հայտարարել է Սանտոսն ուղերձում:
Նա նաեւ հաջողություններ է մաղթել իրեն փոխարինող Դուկեին եւ խոստացել է կատարել իր խոստումը «չխանգարել» պետության նոր ղեկավարին: «Կոլումբիան, երբ միասնական է, դառնում է ավելի ուժեղ: Մեր ներուժը վիթխարի է. եկեք թույլ չտանք, որ բեւեռացումը մեզ սահմանափակի»,- հորդորել է Սանտոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: