Բաժիններ՝

Ավելի քան 20 հազար մարդ է տարհանվել ինդոնեզական Լոմբոկ կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով

Ավելի քան 20 հազար բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները օգոստոսի 5-ին ինդոնեզական Լոմբոկ կղզում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով: Այդ մասին գրել է Straits Times թերթը՝ հղում անելով Տարերային աղետների կանխման ազգային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Նուգրոհոյին: Նրա խոսքով՝ «առնվազն 20 հազար տեղացի բնակիչներ տների քանդվելու, ինչպես նաեւ կրկնական ցնցումների վտանգի կապակցությամբ տեղավորվել են կղզու անվտանգ վայրերում»:

Բացի այդ, հարեւան ոչ մեծ կղզիների տարածքից Լոմբոկ է հասցվել շուրջ 2,7 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ: Գերատեսչության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ զոհերի թիվը հասել է 98-ի: «Բոլոր զոհվածները տեղացի բնակիչներ են»,- ճշտել է Սուտոպո Նուգրոհոն: Վիրավորվել է ավելի քան 230 մարդ: Պաշտոնյան նաեւ նշել է, որ զոհվածների թիվը կարող է աճել:

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվությամբ՝ օգոստոսի 5-ին Լոմբոկ կղզում տեղի է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Մատարամ քաղաքից (319 հազար բնակիչ) 49 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը 10 կմ խորության վրա էր: Իշխանությունները նախազգուշացրել էին ցունամիի սպառնալիքի մասին, որը օգոստոսի 6-ին հանվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս