
Սըր Պատրիկ Սթյուարթը վերադառնում է «Աստղային ճանապարհ»

Բրիտանացի հայտնի դերասան սըր Պատրիկ Սթյուարթը որոշել է վերադառնալ «Աստղային ճանապարհ» ֆրանշիզայում կապիտան Ժան-Լյուկ Փիքարի իր նշանավոր դերին: 78-ամյա Սթյուարթը խաղալու է CBS All Access ալիքի նոր սերիալում, որտեղ խոսքը Փիքարի կյանքի մասին է «Աստղային ճանապարհ. հաջորդ սերունդը» հեռուստասերիալից հետո:
Դերասանն այդ մասին հայտարարել է՝ անսպասելի հայտնվելով Լաս Վեգասում Star Trek ամենամյա կոնվենցիայում եւ հաստատելով ամիսներ շարունակ պտտվող լուրերը, տեղեկացնում է BBC-ին:
Նա կինոյում նկարահանվում է արդեն գրեթե վաթսուն տարի. բացի «Աստղային ճանապարհ»-ից, նրան փառք է բերել նաեւ պրոֆեսոր Չառլզ Կսավիեյի դերը «Իքս մարդիկ» ֆիլմաշարում: Պատրիկ Սթյուարթը Փիքարին մարմնավորել է 1987-ից մինչեւ 1994 թվականն ընկած ժամանակաշրջանում գիտաֆանտաստիկ հեռուստասերիալի 178 էպիզոդներում, ինչպես նաեւ չորս գեղարվեստական ֆիլմերում, որոնցից վերջինը թողարկվել է 2002 թվականին:
«Ես միշտ շատ եմ հպարտանալու նրանով, որ նկարահանվել եմ «Աստղային ճանապարհ. հաջորդ սերունդը» հեռուստասերիալում, բայց երբ մենք այդ եզրափակիչ ֆիլմն ավարտեցինք 2002 թվականին, ինձ իսկապես թվաց, որ «Աստղային ճանապարհ»-ում իմ ժամանակն ավարտվել է միանգամայն բնականորեն»,-ասել է Նյու Յորքում բնակվող դերասանը: