Բաժիններ՝

ԱՄՆ նախագահն ստորագրել է Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու հրամանագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր Իրանի դեմ պատժամիջոցները երկու փուլով վերականգնելու վերաբերյալ: Դրանք հետաձգվել էին 2016 թվականի հունվարին ստորագրված Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի կնքումից հետո: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին օգոստոսի 6-ին հայտարարել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

«Նախագահը Իրանի հետ կապված նոր հրամանագիր է ստորագրել, որը ենթադրում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնում»,-ասել է պաշտոնյան: Նա նշել է, որ նոր հրամանագիրը շարունակությունն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած քաղաքականության՝ ուղղված Թեհրանի նկատմամբ ճնշումներին:

Պատժամիջոցների օգոստոսի 7-ին սկսվող առաջին փուլի շրջանակում կվերականգնվեն սահմանափակումներն ընդդեմ Իրանի սուվերեն պետական պարտքի և նրա ազգային արժույթի:  Դրանից բացի, կվերականգնվեն պատժամիջոցները մետաղների և թանկարժեք մետաղների առևտրի, ինչպես նաև կառավարության կողմից դոլար գնելու գործընթացի նկատմամբ: Երկրորդ փուլը կառնչվի  տնտեսության էներգետիկ հատվածին, Իրանի կենտրոնական բանկի գործարքներին, երկրի նավահանգիստներին և նավաշինական ճյուղին:

Պատժամիջոցների երկրորդ փուլը նախատեսված է ուժի մեջ մտցնել ընթացիկ տարվա նոյեմբերի  4-ին: Վերջին փուլը, ինչպես ընդգծված է հրամանագրում, ենթադրում է պատժամիջոցների վերականգնում, որոնք առնչվում են Իրանի նկատմամբ իրականացվող գործողություներին՝ կապված  նավթի արտահանման և էներգետիկ հատվածի, ֆինանսական ինստիտուտների հետ: Կլինեն պատժամիջոցներ այն ընկերությունների դեմ, որոնք ունեն նավահանգիստներ, նավաշինական ճյուղից են, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների, ու այն կազմակերպությունների դեմ, որոնք կապված են ֆինանսական տեղեկատվության փոխանցման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս