Բաժիններ՝

Գիտության ոլորտում Սերգեյ Համբարձումյանի ներդրումը հսկայական է. կայացավ ակադեմիկոսի հոգեհանգստի արարողությունը

Սերգեյ Համբարձումյանը պատմության մեջ կմնա որպես լավ քաղաքացի, գիտնական, և քաղաքական գործիչ: Այս մասին  օգոստոսի 6-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում կայացած՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ,  համաշխարհային հեղինակություն վայելող գիտնական, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից,  գիտության ու կրթության հմուտ կազմակերպիչ, պետական ու հասարակական հայտնի գործիչ Սերգեյ Համբարձումյանի հոգեհանգստի արարողությանը նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Նա մեծ դեր է ունեցել Ղարաբաղյան  շարժման,  հասարակական  և քաղաքական կյանքում:  Ինձ նրա մտերիմները պատմել են, որ ղարաբաղյան իրադարձություններից հետո նա մի մեծ միջոցառման է մասնակցել  Վրաստանում և շատերը զարմացել են, թե Սերգեյ Համբարձումյանին ինչ կերպ են դիմավորել, ու դա եղել է իր հասարակական և քաղաքական  գործունեության արդյունքը:

Գիտության ոլորտում  նրա ներդրումը հսկայական  է և, կարծում եմ, որ մենք մեծ կորուստ ունենք այս առումով»,- ասաց Հարությունյանը:

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանն  ընդգծեց, որ  Սերգեյ Համբարձումյանը հրաշալի մարդ, մեծ հայրենասեր, գիտնական, փայլուն ռեկտոր, հասարակական և քաղաքական գործիչ էր:

«Նա մեր ժողովրդի մեծ որդիներից մեկն էր, ում  նկատմամբ ինքս մեծ հարգանք եմ ունեցել: Բազմիցս առիթ եմ ունեցել նրա հետ զրուցել մեր համազգային թեմաների, ակադեմիայի շուրջ և խորհուրդ եմ առել իրենից : Նա պատկառելի անձնավորություն էր , որ  ստիպում էր ոչ թե հրամայաբար, այլ  իր պատկառանքի ողջ հմայքով լսելու և իրենից սովորելու: Հիմա էլ շարունակում եմ իրենից սովորել»,- ընդգծեց Արեյանը:

Արարողությանը ներկա էին գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչներ:

Սերգեյ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 7-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս