Ինչո՞ւ են Երևանից դեպի Եվրոպա չվերթներն իրականացվում հիմնականում գիշերային ժամերին.պարզաբանում է Քաղավիացիայի կոմիտեն
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն անդրադարձել է Երևանից դեպի Եվրոպա չվերթների հիմնականում գիշերային ժամերին իրականացմանը՝ «Ֆեսյբուք»-ի իր էջում նաև նշելով, որ ժամանակ առ ժամանակ կանդրադառնա ավիացիայի ոլորտի այն հարցերին, այն խնդիրներին, որոնք ամենից շատ են հետաքրքրում հանրությանը:
«Եվ այսպես, սկսենք ամենից հաճախ տրվող հարցից. ինչո՞ւ են Երևանից դեպի Եվրոպա չվերթներն իրականացվում հիմնականում գիշերային ժամերին: Պատճառը ոչ թե ձևավորված թյուր կարծիքն է, որ գիշերային ժամերին իրականացվող չվերթները մատչելի են, այլ ավիաընկերությունների կողմից տարանցիկ ուղևորափոխադրումների համար հարմարավետ համակցման ժամերի ապահովումն է, որպեսզի չվերթը շարունակող ուղևորները ստիպված չլինեն երկար սպասել չվերթի շարունակությանը: Իսկ այն ուղղություններով, որտեղ բարձր է կետից կետ փոխադրման պահանջարկը՝ ավիաընկերությունները հնարավորություն ունեն չվերթն իրականացնել ցերեկային ժամերին»,- ասված է գրառման մեջ: