«Փաշինյանը պետք է որոշ հարցեր պարզաբանի». քաղտեխնելոգ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ մյուս օդիոզ դեմքերին իրավապահները չեն անդրադառնում, որոնց անունները դեռևս պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանն անընդհատ բարձրաձայնում էր՝ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան և այլք, հիշեցրեց Լավրովի հայտարարությունը, որ կան պայմանավորվածություններ.

«Ես բացատրությունը, հենց Լավրովի խոսքից ելնելով՝ ասեմ, որ փաստորեն եղել են պայմանավորվածություններ։ Իշխանության վերցնելու և հանձնելու գործընթացն ինչ-որ փուլում հենվում է ինչ-որ պայմանավորվածության վրա, առավել ևս՝ խաղաղ»։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ Փաշինյանը պետք է որոշ հարցեր պարզաբանի. «Երբեմն իշխանության հանձնման-ընդունման պրոցեսը նաև արտաքին ուժերի հետ պայմանավորվածություններ է ենթադրում։ Դուք հիշում եք, թե այդ օրերին ՌԴ-ի և ԱՄՆ-ի դեսպաններն ինչքան հաճախ էին հանդիպում երկու կողմերի հետ էլ։ Հիմա Ռոբերտ Քոչարյանի պարագայում հասկանալի է, որ նա նախկին նախագահն է ու հանրային հնչեղության, հետաքրքրության տեսակետից ճիշտ ընտրված ֆիգուր է։ Եվ, ի վերջո, Մարտի 1-ն էլ եղել է, բոլորս տեսել ենք, և այն, ինչ ասվում է քաղաքական առումով, ես համաձայն եմ։ Խնդիրն այն է, որ այս պրոցեսը կարողանան տանել և մարսել»։

Անդրադառնալով օգոստոսի 17-ին սպասվող հանրահավաքին, նա ասաց, որ Փաշինյանը ճիշտ է, երբ նշում է, որ հեղափոխությունը դեռ շարունակվում է. «Փաշինյանին այդ գործիքակազմը հոգեհարազատ է և աշխատող է, իր ընտրազանգվածի համար՝ ևս։ Այս ընթացքում էլ Փաշինյանը մինի միտինգներ էր անում՝ ֆեյսբուքյան լայվերով։ Դա և՛ 100 օրվա հաշվետվություն է լինելու, և ՛ արտաքին ու ներքին լսարանին ուժի ցուցադրում է լինելու։ Հասկանալի է նաև, որ դա քաղաքապետի ընտրությունների ոչ պաշտոնական ստարտն է լինելու։ Այս ձևաչափն իր մոտ աշխատում է»։

Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքին, ապա նա ասաց, որ, եթե Երևանի քաղաքապետի ընտրություններում «Ելքում» առանձին են հանդես գալու, ապա տրամաբանական չի լինի՝ համապետական ընտրություններում այս ուժերը վերամիավորվեն նույն ֆորմատում»։

Տեսանյութեր

Լրահոս