Թուրքական ԶԼՄ-ները Փաշինյանի` հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարությունը «պատմական» են որակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարությունը լայն արձագանք է ստացել թուրքական մամուլում:
ՀՀ վարչապետը «Al Jazira» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել:
Թեմային անդրադարձել են թուրքական թե՛ ընդդիմադիր և լիբերալ, թե՛ իշխանամետ լրատվամիջոցները։
Թուրքական ԶԼՄ-ների մի մասը Փաշինյանի հայտարարությունը «պատմական» է որակել: Այս շեշտադրումն արտացոլվել է հրապարակումների վերնագրերում` «Հայաստանից անակնկալ հայտարարություն Թուրքիայի մասին», «Կարևոր ուղերձ Թուրքիային․․․Պատրաստ ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել», «Հայաստանի վարչապետ Փաշինյանից պատմական կոչ Թուրքիային»։
Թեմային անդրադարձել են գրեթե բոլոր խոշոր լրատվական կայքերը՝ «NTV.com.tr», «Posta», «Sabah», «Milliyet», «CNNturk», «Ensonhaber», «Güneş», «Vatan», «Ahaber», «Haber3», «Cumhuriyet», «Habertürk», «Haberler», «Sondakika», «Türkiye gazetesi», «Marmara gazetesi», «Haber7» «Demokrathaber», «Diken»: Լրատվամիջոցները նույնաբովանդակ հրապարակումներում մեջբերել են ՀՀ վարչապետի խոսքերը, որ սահմանը փակվել է Թուրքիայի կողմից, հայկական կողմից այն բաց է, և Թուրքիան է, որ սահմանը բացելու որոշում պետք է կայացնի։
Նշվել է, որ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Այս համատեքստում մեջբերվել է ՀՀ վարչապետի հետևյալ խոսքերը․ «Բոլոր խնդիրները պետք է խաղաղ բանակցությունների միջոցով լուծել։ Պատրաստ ենք կառուցողական լինել, որպեսզի տարածաշրջանն ավելի անվտանգ, խաղաղ և բարեկեցիկ ապրի»։
Լրատվամիջոցների որոշները բացի հայ-թուրքական հարաբերությունների մասին հատվածից ներկայացրել են նաև ՀՀ վարչապետի այն խոսքերը, որոնք վերաբերում են ԼՂ հակամարտության բանակցություններին և Ադրբեջանում հայկական հեղափոխության կրկնության հավանականությանը։