Բալայանը հերքում է ու կրկին չի հաստատում Անգելա Մերկելի այցի մասին լուրը
«Նախ, Մերկելի հնարավոր այցի մասին պաշտոնական որևիցե հաստատում չի եղել, երկրորդը, արտերկրից այցերի հետ կապված նման հրահանգ նույնիսկ տեսականորեն չի կարող լինել, քանի որ այցելող կողմն է հայցում, թե ինչ հանդիպոումներ է ուզում ունենալ երկրում և ընդունող կողմը կազմակերպում է դրանք։ Ակնհայտ է, որ նման լուրեր տարածողները նույնիսկ տեսական պատկերացում չունեն այցերի կազմակերպման վերաբերյալ»,- նման կերպ քիչ առաջ արձագանքեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը 168.am-ի հրապարակմանը։
Հրապարակման մեջ, հղում կատարելով մեր աղբյուրներին, տեղեկացրել էինք, որ օգոստոսին տարածաշրջանային այցով Հայաստան է ժամանելու Գեմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, և ՀՀ պետական ապարատը լծվել է այցի նախապատրաստական աշխատանքներին:
Նշել էինք նաև, որ մեր տեղեկություններով՝ Հայաստանի ԱԳՆ-ն ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Մերկելի այցի ծրագրից դուրս թողնի անցանկալի հանդիպումները: Դրանց թվին է հնարավոր հանդիպումն ԱԺ նախագահի հետ: Այս գործողությունների նպատակն է՝ այլ քաղաքական կարծիք հայտնողներին հնարավորինս մեկուսացնել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայից:
«Հիշեցնենք նաև, որ հայ-գերմանական խորհրդարանական խմբի ղեկավարն է ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, իսկ ՀՀԿ խմբակցությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով արված իր հայտարարության մեջ հատուկ ընդգծել է, որ Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին պատրաստվում է բարձրաձայնել միջազգային հարթակներում»,-գրել էինք մեր հրապարակման մեջ:
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, ինչպեսև նշել էինք մեր այդ հրապարակման մեջ, վերջերս հրավիրված ճեպազրույցում չէր հաստատել Մերկելի այցի մասին տեղեկությունները։ Այն դեպքում, երբ Վրաստանի կառավարության աշխատակազմը հաստատել է Ա. Մերկելի՝ մոտ ապագայում տարածաշրջանային այցի մասին տեղեկությունը։ Զարմանալի է, թե ինչո՞ւ մինչ օրս ՀՀ ԱԳՆ-ն չի հաստատում այցի մասին տեղեկատվությունը։
Գերմանիայի կանցլերի գրասենյակից «Արմենպրեսի» ճշտող հարցին ի պատասխան ասել էին.
«Կանցլեր Մերկելի հանդիպումների ու այցերի մասին մենք սկզբունքայնորեն հաղորդում ենք նախորդող ուրբաթ օրը»:
Այնուհանդերձ, 168.am-ին հայտնի է, որ այցի ծրագրի նախնական տարբերակում այց Ազգային Ժողով և, բնականաբար, հանդիպում ԱԺ նախագահի հետ նախատեսված եղել է։ Մեր նախորդ հրապարակման մեջ արծարծված հարցը հատկապես սրվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան-ԱՄՆ պետքարտուղար Մարկ Պոմպեո հանդիպումից հետո։ Ի դեպ, չնայած քաղաքական «խանդի» այդ դրսևորումներին, Անգելա Մերկել-Արմեն Սարգսյան հանդիպումը ծրագրված է։ Եվ այդ օրը օգոստոսի 24-ն է։