«Ինչո՞ւ Վալերի Պողոսյանը հրաժարական չտվեց, այլ մինչև 2014թ.՝ 70 տարեկան դառնալը, շարունակեց մնալ որպես Սահմանադրական դատարանի անդամ». Արթուր Մարտիրոսյան
Երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ «Վիկիլիքսի» հրապարակումների հիման վրա քրեական գործ է հարուցվել Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ։ Այս հայտարարությունը տարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել՝ որքանո՞վ է ճիշտ «Վիկիլիքսի» հրապարակման հիման վրա քրեական գործի հարուցումը։
Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Wikileaks-ի մասին:
Որքան ես հասկանում եմ, Հայաստանում ԶԼՄ ցանկացած հրապարակում կարող է դառնալ քննություն նախաձեռնելու հիմք, այս դեպքում՝ Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի գրածի հրապարակումից 7 տարի անց:
Ինձ հետաքրքրեց օտար երկրի ներկայացուցիչներին վկայի ցուցմունքներ տված ֆիգուրանտը: Պարզվեց, որ նա Սահմանադրական դատարանի նախկին դատավոր (1996-2014), Ներքին գործերի նախկին նախարար (1991-1992), Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար (1992-1993), գեներալ-մայոր (1992) և բարձր որակավորում ունեցող Վալերի Պողոսյանն է, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մերձավորագույն շրջապատից:
Ինքնին այդ մտերմությունն ու քաղաքական կողմնակալությունը ինձ չեն անհանգստացնում, ի դեպ, ինչպես նաև այն փաստը, որ նա 2008թ. իրավիճակի վրա ազդելու այդ եղանակն է ընտրել (դա ավելի շատ պետք է անհանգստացնի ինքնորոշման պահապաններին), անգամ, եթե հաշվի առնենք այն, որ նա պնդում է, որ առաջին նախագահի կողմից 2008թ. ընտրությունների արդյունքների կեղծման հարցով ՍԴ դիմելուց հետո հարցը քննելու ընթացքում 2008թ. մարտին իր և ՍԴ այլ անդամների վրա ճնշում է գործադրվել:
Կարևոր է այլ բան. ինչո՞ւ Վալերի Պողոսյանը այդ ժամանակ հրաժարական չտվեց` որպես բողոքի նշան «սահմանադրական կարգի տապալման» դեմ, այլ դեռևս 6 տարի, մինչև 2014թ.՝ 70 տարեկան դառնալը, շարունակեց մնալ՝ որպես Սահմանադրական դատարանի անդամ, իսկ հետո դարձավ ՍԴ խորհրդատու: Նա չէր կարող 2008 թվականին իմանալ, որ Wikileaks-ը 3 տարի անց կհրապարակի իր անկեղծությունները, ինչպես որ չէր կարող իմանալ, որ 2018թ. տեղի կունենա «թավշյա հեղափոխություն», և հետևաբար հանգիստ խղճով շարունակում էր պաշտոնավարել բոլոր այդ տարիներին:
Սա ոչ այլ ինչ է, քան կոնֆորմիզմի օպորտունիստական ստորություն: Ընտանիք, երեխաներ, թոռներ, հասկանում եք, պետք էր տակից դուրս գալ, ապրել…
Հրապարակման պատրաստեց 168.am-ը