««Վիկիլիքսի» հրապարակումների հիման վրա քրեական գործ դեռ չէր հարուցվել». Սուրեն Սարգսյան

Միջազգային պրակտիկայում չի եղել դեպք, որ «Վիկիլիքսի» հրապարակումների հիման վրա քրեական գործ հարուցվի և մեղադրանք առաջադրվի որևէ անձի։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Ինձ հայտնի չէ նման դեպք, որ «Վիկիլիքսի» հրապարակման հիման վրա գործ հարուցեն։ Բայց «Վիկիլիքսի» այս զեկուցագիրն էապես տարբերվում է այլ զեկուցագրերից, որովհետև այստեղ շատ հստակ Սահմանադրական դատարանի անդամը հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների հետ և հստակ մեսիջը փոխանցել է Վաշինգտոն»,- ասաց Ս.Սարգսյանը։

Ըստ նրա՝ ԱՄՆ դեսպանություններն իրենց գործունեության մասին հաշվետվություններն անընդհատ ուղարկում են Պետդեպարտամենտ, իսկ «Վիկիլիքսը» մեծ ծավալի փաստաթղթերի արտահոսք էր, որ իրականում գաղտնի կամ կիսագաղտնի էին՝ ծառայողական օգտագործման նպատակով։

Ս.Սարգսյանն ուշադրություն հրավիրեց, որ պետք է հաշվի առնել ոչ միայն «Վիկիլիքսը», այլև կան այլ ուղիներով տարածված զեկուցագրեր, և Պետդեպարտամենտի արխիվները բացված են, տասնյակ-հազարավոր նման զեկուցագրեր կան տարբեր տարիների, որոնք դուրս են եկել, և սրանք այդ առումով նորություն չեն։

Դիտարկմանը, որ, եթե տեսականորեն «Վիկիլիքսն» ընդունվում է լրատվության աղբյուր, որի հրապարակման հիման վրա գործ է հարուցվում և դատավարական ընթացակարգերով ձեռք են բերվում ապացույցներ, ապա դա լիովին օրինական հիմք է մեղադրանքի համար, Ս.Սարգսյանը նշեց, որ իրավական գնահատական չի կարող տալ, գործի մանրամասներին ծանոթ չէ.

«Որքան ես հասկանում եմ՝ սա հիմք է ընդունվել՝ որպես հանցագործության վերաբերյալ հայտարարություն, և սրա հիման վրա էլ գործ է հարուցվել։ Բայց վստահ եմ, որ նորից կքննվեն վկաները, նորից իրավական գործընթաց կլինի, որպեսզի պարզեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել»։

Հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Հ1-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով։

«Տարիներ առաջ, եթե հիշում եք, եղան «Վիկիլիքսի» հրապարակումներ։ Երբ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել էին Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները, ճնշում էր եղել Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ։ Նա բարձրաձայնել էր ու դիմել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին և հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից ճնշումներ են եղել իր վրա, որպեսզի նա կայացնի Սերժ Սարգսյանին ձեռնտու որոշում»,- ասել է ՀՔԾ պետը։

Համացանցում հայտնվել է նաև Պետդեպի փաստաթղթի հայերեն տարբերակը.

Տեսանյութեր

Լրահոս