«Ոստիկանները լաց էին լինում, երբ հիշում էին, թե ինչպես է ժողովուրդն իրենց վիրավորել ու ստորացրել Մարտի 1-ի ժամանակ». Ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ
ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդյա Հովհաննիսյանը 2008 թվականին Պաշտպանության նախարարի կողմից տված 0038 հայտնի հրամանը սխալ է համարում։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա նշեց, որ դրա անհրաժեշտությունը չկար, ու այն միայն նախկին իշխանությունների դեմ օգտագործվեց։
«Այս հրամանը հիմարություն է, որովհետև՝ գոյություն ունի Երևանի կայազորի պետ, Խաչատուրովը մինչև այդ էլ գոյություն է ունեցել, որն ունեցել է իր աշխատակազմը։ Խաչատուրովի համար նոր ապարատ ստեղծելը, նոր գաղտնի հրամանը պարզապես ինքնախարազանման նման մի բան է եղել, որը ոչ կոմպետենտ քայլ է եղել»,- նշեց այդ ժամանակվա Գորիսի կայազորի պետի տեղակալ Վոլորդյա Հովհաննիսյանը։
Հարցին՝ 0038 հրամանն ի՞նչ էր իրենից ներկայացնում, Վ. Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Համաձայն այդ հրամանի՝ ստեղծվել է Երևանի կայազորի պետի աշխատակազմ, որը պետք է ղեկավարեր այն զորքերը, որը զորանոցային վիճակի էին բերվել ու բերվել էին Երևան։ Զորքերը զորանոցային վիճակի էին բերվել, որ Ադրբեջանը չօգտվի մեր ներքաղաքական վիճակից ու չհարձակվի։ Երկրորդ կետով ստեղծվել է աշխատակազմ, այն դեպքում, որ գործող հրամաններով այդ աշխատակազմն արդեն գոյություն ուներ, ինչո՞ւ էին նոր աշխատակազմ ստեղծում, դա եմ ես հիմարություն համարում, որի համար այսօր նրանք պատասխան են տալիս։ Իսկ մարտական պատրաստակամության բարձր աստիճանի բերման հրամանով՝ այնտեղ հստակ նշված է, թե որ պաշտոնատար անձը որքան և ինչ ստորաբաժանումներ կարող է տագնապով հանել։ Պաշտպանության նախարարը 500-ից ավելի զորք չէր կարող տագնապով հանել»։
Վ. Հովհաննիսյանի կարծիքով՝ պետք է հարցաքննվեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, որոնք, նրա խոսքով, մարդկանց կոչ էին անում գնալ, տիրել.
«Արդյունքում՝ մենք ունենք 8 քաղաքացիական անձանց և 2 ոստիկանների մահ։ Հետագայում ես եղել եմ նաև Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, անձամբ խոսել եմ նրանց հետ, ովքեր այնտեղ են եղել, ոստիկանները լաց էին լինում կաբինետում, երբ հիշում էին, թե ինչպես է ժողովուրդն իրենց վիրավորել ու ստորացրել, ինչպես է աղտեղություններ լցրել նրանց վրա, և այդ կողմն այսօր հերոսական վիճակում է»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։