«Լավրովի հայտարարությունը հայկական կողմից բացատրություն ստանալու փորձ է». Դենիս Դվորնիկով

«Հայաստանը դադարել է Ռուսաստանի համար հասկանալի հարաբերությունների սուբյեկտ լինել։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր, կտրուկ տարբերվում է այն իրավիճակից, երբ շատ որոշումներ ընդունվում էին՝ հաշվի առնելով Մոսկվայի հավանությունը։ Սա, անխոս, անհանգստություն է առաջացնում։ Իմ կարծիքով՝ Լավրովի հայտարարությունը հայկական կողմից բացատրություն ստանալու փորձ է, թե ինչ է կատարվում, ով և ում շահերից է որոշումներ ընդունում, ինչպես կառուցել հարաբերություններն ապագայում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՌԴ Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, հրապարակախոս Դենիս Դվորնիկովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը և հայ-ռուսական հարաբերությունների վերջին շրջանի զարգացումներին։

Ըստ նրա՝ ՌԴ ԱԳՆ-ն սովոր է պարզ սխեմաների, բոլոր հարցերի լուծման  գործընկեր պետությունների էլիտաների միջոցով՝ անտեսելով այնպիսի ուղղություն, ինչպիսին ժողովրդական դիվանագիտությունն է, ինչպիսին քաղաքացիների տարբեր խմբերի հետ բաց երկխոսությունն է։

Դ. Դվորնիկովի խոսքով՝ Հայաստանում իրադրությունը ցույց տվեց նման ուղու չկայացածությունը, և այժմ Ռուսաստանը պարտադրված է կրկին սովորել խոսել աշխարհաքաղաքական ամենամոտ գործընկերոջ հետ։

Թե այս իրավիճակն ինչպե՞ս կանդրադառնա Ղարաբաղյան հակամարտության վրա, Դ. Դվորնիկովը նշեց, որ Ռուսաստանն ամեն դեպքում շահագրգիռ չէ, որ ղարաբաղյան ուղղությամբ լարվածությունը մեծանա.

«Սակայն հավանական է, որ Մոսկվայում ադրբեջանամետ լոբբին կօգտագործի իրավիճակն ու կփորձի զարգացնել «անհուսալի Հայաստանի» թեման»։

Անդրադառնալով վերջերս Փանիկում տեղի ունեցած միջադեպին, որը Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների նկատմամբ «անթույլատրելի սադրանք» անվանեց, նաև ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությանը, որ չի բացառվում, որ երկկողմ համաձայնագրի որոշ դրույթներ վերանայվեն, Դ.Դվորնիկովը նշեց, որ ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից չի բխում ՀՀ շահերից այնպես, ինչպես չի բխում Ռուսաստանի շահերից։

«Կարևորը սադրանքներից և կտրուկ գործողություններից խուսափելն է»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս