Իրանն ընդգրկուն զորավարժություններ կանցկացնի Պարսից ծոցում. CNN
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ Իրանի զինված ուժերի ընտիր ստորաբաժանումը, առաջիկա 48 ժամվա ընթացքում ընդգրկուն զորավարժություններ կանցկացնի Պարսից ծոցում: Ինչպես օգոստոսի 1-ին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իրանական կորպուսի զորքերի տեղաշարժերի ամերիկյան գնահատմանը ծանոթ աղբյուրներ, զորավարժությունները կարող են անցկացվել Որմզդի նեղուցը փակելու Իրանի ունակությունը ցուցադրելու նպատակով։
«Մենք գիտենք, որ Իրանն ավելացնում է Պարսից ծոցում անցկացվող ռազմածովային գործողությունների թվաքանակը: Մենք ուշադիր հետեւում ենք դրան եւ շարունակում աշխատել մեր գործընկերների հետ, որպեսզի ապահովենք նավագնացության ու առեւտրական հոսքերի ազատությունը միջազգային ջրատարածքներում»,- հայտարարել է ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ կապիտան Ուիլյամ Ուրբանը:
Ավելի վաղ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Հոսեյն Խանզադին հայտարարել է, որ Իրանի ազգային շահերը որոշիչ գործոն են նավագնացության համար Որմզդի նեղուցը բաց պահելու հարցում: Հուլիսի 4-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ պատրաստ է Որմզդի նեղուցը փակել այլ երկրներ նավթի փոխադրման համար այն դեպքում, եթե ԱՄՆ-ը շարունակի պատժամիջոցների քաղաքականությունը Իրանի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: