Բաժիններ՝

ԱՄՆ-ի 8 նահանգներ բողոքարկել են 3D-տպիչներով զենքի ստեղծման գծագրերի հրապարակումը

ԱՄՆ-ի ութ նահանգների եւ Կոլումբիա մայրաքաղաքային օկրուգի գլխավոր դատախազները հուլիսի 30-ին հայց են հարուցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ այն նյութերի շրջանառությանը վերջ դնել հարկադրելու նպատակով, որոնք պիտանի են 3D-տպիչների միջոցով հրազեն ստեղծելու համար:

Պաշտոնական հայտարարության մեջ այս մասին հայտնել է Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդը։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 3D-տպիչների տեխնոլոգիան թույլ է տալիս պատրաստել հրազեն, որը ենթակա չէ հաշվառման եւ մետաղադետեկտորների միջոցով հայտնաբերման:

«Պարզապես վայրագություն է հանցագործներին տրամադրել միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռում կոճակի մեկ սեղմումով հետքեր չթողնող եւ հայտնաբերման չենթարկվող զենք թողարկել»,- նշել է Անդերվուդը:

Նրա խոսքով՝ հայցվորներ են հանդես եկել նաեւ Վաշինգտոնի, Մասաչուսեթսի, Քոնեքթիքութի, Նյու Ջերսիի, Փենսիլվանիայի, Օրեգոնի եւ Մերիլենդի նահանգների, ինչպես նաեւ Կոլումբիայի օկրուգի գլխավոր դատախազները: Այս տարվա հունիսին ԱՄՆ-ի իշխանությունները Defense Distributed ընկերությանը թույլատրել են Համացանցում զետեղել զենքի գծագրեր, որը կարելի է պլաստմասսայից «տպել» 3D-տիպիչով: Սխեմաների միջոցով յուրաքանչյուր ցանկացող կարող է այդպիսի զենք պատրաստել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս