Ռոբերտ Քոչարյանի վերաքննիչ բողոքը կքննի Ալեքսանդր Ազարյանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարանում կքննի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ Այս մասին 168.am-ին տեղեկացրին Վերաքննիչ քրեական դատարանից։
Նշենք, որ մինչվարույթային գործերը մակագրվում են դատարանի նախագահի կողմից։
Ի դեպ, Ալեքսանդր Ազարյանը կենսագրական հարուստ փորձ ունի, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում։
Ծնվել է 1969 թվականին Երևան քաղաքում։
1986 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1987 թվականից մինչև 1989 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում։
1995 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում՝ որպես առաջատար խորհրդատու։
1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ։
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Զինվորական դատախազությունում՝ որպես քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության բաժնի դատախազ։
2001 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետ։
2006 թվականի մարտ-հունիս ամիսներին աշխատել է ՀՀ Նախագահի վերհսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետ։
2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր:
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2016 թվականի մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Իրավաբանական գիտությունների թեկնածու է։