«Հուսով եմ, որ Իրանի հետ կապված ամեն ինչ լավ կստացվի, նրանք այժմ բազմաթիվ դժվարություններ ունեն». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ Թեհրանը մոտ ժամանակներս կցանկանա բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ, սակայն հայտարարել է, որ պատրաստ է նաեւ այն սցենարին, ըստ որի Իրանը կհրաժարվի շփումներից:
Այդ խնդրի վերաբերյալ իր կարծիքը նա շարադրել է հուլիսի 31-ին՝ Ֆլորիդայի նահանգի Տամպա քաղաքում ելույթ ունենալով կողմնակիցների առջեւ։ «Հուսով եմ, որ Իրանի հետ կապված ամեն ինչ լավ կստացվի, նրանք այժմ բազմաթիվ դժվարություններ ունեն: Եվ ես այն զգացողությունն ունեմ, որ նրանք շատ շուտով խոսելու են մեզ հետ: Գուցե եւ՝ ոչ, բայց դա էլ նորմալ կլինի»,- ասել է նա:
Հուլիսի 30-ին Թրամփը չի բացառել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ հանդիպումն առանց նախապայմանների: Նա հավելել է, որ դա պետք է ցանկանա նաեւ Իրանը: Ավելի ուշ Իրանի նախագահի վարչակազմի փոխղեկավար Համիդ Աբութալեբին հայտարարել է, որ Իրանի հետ ԱՄՆ-ի բանակցությունները հնարավոր են միջուկային գործարքին Վաշինգտոնի վերադառնալու պայմանով:
«Նրանք, ովքեր հավատում են երկխոսությանը՝ որպես քաղաքակիրթ հասարակություններում վեճերի լուծման մեթոդի, նաեւ պետք է կատարեն այս բաները՝ հարգանք տածեն Իրանի մեծ ազգի նկատմամբ, նվազեցնեն ռազմական գործողությունները, վերադառնան միջուկային գործարքին: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալը երկխոսության պարտադիր պայմանն է»,- գրել է Աբութալեբին Twitter-ում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել Է 2015 թվականին եւ սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն: Թրամփը խոստացել է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: