
Իսրայելում օդանավակայան են կառուցելու արհեստական կղզու վրա

Իսրայելն արհեստական կղզու շինարարության նախագիծ է մշակում իր ափերի մոտ՝ այնտեղ նոր օդանավակայան տեղավորելու համար: Այդ մասին հայտնել է վարչապետ Բենիամին Նաթանյահուի գրասենյակը:
Պրոֆիլային նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարության հետ կայացած խորհրդակցության ընթացքում կառավարության ղեկավարը կարգադրել է «առաջադրել» այնպիսի պլան, որը հնարավորություն կտա ընդունել երկիր այցելող զբոսաշրջիկներին, որոնց թիվը շարունակ աճում է:
«Նաթանյահուն կարգադրություն է արել Իսրայել Պետության ափերի մոտ արհեստական կղզու վրա օդանավակայանի կառուցման պլանի առաջմղման վերաբերյալ»,-ասված է մամուլի տեղեկագրում:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հնչեցված տվյալների համաձայն, նախագծի իրագործումը կարող է տեւել 10-15 տարի եւ կնստի մոտավորապես 10 մլրդ դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: