
Հայտարարվել են լավագույն նուդիստական լողափերը

Փորձագետները կազմել են առավել մեծ ժողովրդականություն վայելող եւ գեղեցիկ նուդիստական լողափերի վարկանիշը՝ վերլուծելով ճանապարհորդների համար TripAdvisor կայքում զբոսաշրջիկների զետեղած արձագանքները:
Այդ մասին հայտնել է The Sun-ը: Օգտատերերի գնահատականների համաձայն՝ առաջատարի դիրքն զբաղեցրել է Պատարա լողափը թուրքական Ռեւիերում: Այստեղ կարելի է ոչ միայն արեւայրուկ ընդունել եւ լողալ առանց բիկինիի, այլեւ այցելել նիդիստների համար կազմակերպվող փրփուրի երեկույթին:
Երկրորդ դիրքում հայտնվել է Little Banana լողափը՝ Հունաստանի Սկիատոս կղզում: «Այս լողափը պարզապես իդեալական է արեւային վաննա ընդունելու համար»,-նշվում է արձագանքներից մեկում:
Երրորդ տեղն ստացել է Գերմանիայի ամենահին նուդիստական լողափերից մեկը՝ Buhne 16-ը: Այցելուների խոսքով՝ այն բավականին հեռու է զբոսաշրջիկներով լեփ-լեցուն վայրերից, եւ երբեմն փոկերն այնտեղ ավելի շատ են, քան մարդիկ:
Նաեւ առանց հագուստի արեւայրուկ ընդունել սիրողների համար ափամերձ լավագույն վայրերի ցուցակում տեղ են գտել խորվաթական Valalta լողափը, Մայորկայում գտնվող Es Tren լողափը, Plage de Tahiti-ն՝ Ֆրանսիայում, Paradise լողափը՝ հունական Միկոնոս կղզում եւ Porto Ferro լողափը՝ Սարդինիայում: