«Պետականամետ-հայակենտրոն մարդը չպետք է ուրախանա նրա համար, որ արտաքին ուժը ստորացնում է իր ազգային ինստիտուտները». Արեգ Գալստյան

The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես Հայաստանի ԱԳՆ-ին մեծ քանակությամբ հարցեր ու դժգոհություններ ունեմ հղելու, ինչպես և Հայաստանի ողջ արտաքին քաղաքականությանը: Ես այդ ուղղության ամենամոլի քննադատներից մեկն եմ`անկախ այն բանից, թե ով է կանգնած իշխանության ղեկին, և միշտ դրա համար առանձին պաշտոնյաների հետ անձնական խնդիրներ եմ ունեցել:

Սակայն ինձ համար նաև ծայրահեղ անընդունելի է, որ իմ հայրենակիցները ծիծաղում են այդ օրգանի վրա ու ուրախությամբ ասում այն մասին, թե ինչպես ռուսաստանյան արտաքին գերատեսչությունը նրանց «տեղը դրեց»:

Ընկերներ, չնայած մեր անձնական հակասություններին ու քաղաքական նախապատվություններին, մենք մեզ չպետք է նման վերաբերմունք թույլ տանք: Արտաքին գործերի նախարարությունը հայկական պետականության արտաքին քաղաքական զենքն է: Դա պարզապես պաշտոնյաներով շենք չէ, այլ կարևորագույն ինստիտուտ է, և մենք պետք է նրան համապատասխանաբար վերաբերվենք:

Պետականամետ-հայակենտրոն մարդը չպետք է ուրախանա նրա համար, որ արտաքին ուժը ստորացնում է իր ազգային ինստիտուտները, ինչպես էլ որ մենք ինքներս դրանց վերաբերվենք, և ինչ վիճակում էլ որ դրանք լինեն:

Անկախ այդ ամենից` իրավասության ու պրոֆեսիոնալիզմի մակարդակից, դա մեր հայկական պետական կառույցն է: Մի կողմից, մենք պետք է ամեն անհրաժեշտ բան անենք, որ մեր ինստիտուտները ավելի լավը դառնան ու մաքրվեն թույլ օղակներից, անգամ եթե դա լինի կոշտ քննադատության հետևանք, մյուս կողմից էլ մենք պետք է նրանց թիկունքին կանգնած լինենք, երբ խոսքը ոչ թե ներքին, այլ արտաքին խոհանոցի մասին է:

Մոռացեք մնացած ամեն ինչի մասին, միայն այս ճշմարտությունը նշանակություն ունի, քանի որ այն վեր է ամեն ինչից: Հավաքեք ձեզ»:

Պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս