«Դա օրենքի հետադարձ կիրառություն է». Արա Ղազարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ առաջադրված մեղադրանքի հիմքում եղած հոդվածի մասին
Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց, որ գործող Քրեական օրենսգրքով նախատեսված 300.1 հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին Մարտի 1-ի գործի շրջանակներում, ընդունվել է 2009 թվականին։
«Եթե մենք տեքստային մեկնաբանությամբ առաջնորդվենք, այո՛, դա օրենքի հետադարձ կիրառություն է, բայց որ խնդիրը լուծենք, պետք է տեսնենք՝ արդյոք իրավական որոշակիության խնդիր առաջացնո՞ւմ է, արդյոք անձը 2008 թվականի մարտի 1-ին կարո՞ղ էր կանխատեսել, որ իր արարքում կա հանցակազմ։ Այս հոդվածն ավելի մանրամասն է, բայց ընդամենը մի նախադասություն է ավելացվել, որն ավելի մանրամասն է ներկայացնում, թե ինչ է դա նշանակում։ Այս հոդվածներն այն աստիճան տարբեր չէին, որ անկանխատեսելի լիներ 2008 թվականին»,- նշեց Ա. Ղազարյանը։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ այս գործով հապճեպություն է դրսևորվում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում սկսելով՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը պատասխանեց, որ 2008 թվականից հանրությունը սպասում է այս ամենին, ու սա ոչ թե հապճեպ է, այլ՝ ուշացած։
«Գտնում եմ՝ ՀՔԾ-ում հարուցված քրակեան գործի հիմքում դրված հոդվածը պետք է ընդլայնվի, և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվի իր իշխանության օրոք մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիոն հանցագործությունների և այլնի համար։ Մարդն իր նախագահության օրոք ոտնատակ է տվել Սահմանադրության բոլոր նորմերը և փորձում է ներկայացնել, որ նա եղել է անվտանգության երաշխավորող։ Նա եղել է մենիշխանության հաստատողը՝ ի հեճուկս սահմանադրական նորմերի»,- հայտարարեց Ա. Սաքունցը։