Կալանավորվել է ընտրողներին կաշառք տալու մեջ մեղադրվող Հեղինե Փոգրարյանը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրությանը «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 25.07.2008թ.-ին Հեղինե Փոգրարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ իր ներկայացրած անձի համար կաշառք տալը,) նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի հերթական ընտրությունների նախընտրական փուլում հանդիպել է ընտրողներ Հ. Ս.-ին ու նրա կնոջը և ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին կողմ քվեարկելու համար խոստացել է նրանց տրամադրել յուրաքանչյուր քվեի համար 10.000 ՀՀ դրամ կաշառք:
26.07.2018թ.-ին Հեղինե Փոգրարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ`հիշյալ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու և դեպքի հանգամանքներն ամբողջ ծավալով բացահայտելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: