Երկրում հասունացել է համաներում հայտարարելու պահը. Նաիրա Զոհրաբյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը երկրում համաներում հայտարարելու խնդրանքով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նա վարչապետին ուղարկված նամակում գրել է. «Հաշվի առնելով ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, ինչպես նաև պատիժ կրող անձանց ու նրանց հարազատների՝ նոր իրողություններով պայմանավորված սպասումները, կարծում եմ` երկրում հասունացել է համաներում հայտարարելու պահը:
Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանում վերջին անգամ համաներում հայտարարվել է 2013 թվականին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:
Այսօր համաներում հայտարարելու անհրաժեշտության մասին վկայում են երկրի իրավաբանների ու փաստաբանների մեծամասնությունը: Անշուշտ, պետության կողմից նման կարևոր քայլ կատարելուց առաջ պետք է համադրվեն այն բոլոր նրբություններն ու հարցադրումները, որոնց համակողմանի վերլուծությունը կարող է միայն հուշել արդարադատության շահերի ու մարդկանց իրավունքների ողջամիտ հավասարակշռմամբ համաներում հայտարարելու իրավաչափության մասին:
Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս մարդասիրական քայլը նախ՝ հնարավորություն կստեղծի փոքր-ինչ թեթևացնել քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման խնդիրը, մանավանդ, որ նախորդ իշխանությունների օրոք բազմաթիվ են հանրության համար նվազ վտանգավորություն ունեցող հանցագործությունների համար բավական խիստ պատժաչափերով դատապարտված անձանց թիվը, և ամենակարևորը՝ հանցագործություն կատարած անձանց կտա ուղղվելու, կյանքին նորովի նայելու և վերասոցիալականացմանը նպաստելու ևս մեկ հնարավորություն, քանզի ինչպես նշում է լուսավորության ժամանակաշրջանի իտալացի մեծ իրավաբան, գիտնական ու քաղաքական գործիչ Չեզարիա Բեկարիան` «արդյունավետ է ոչ թե պատժի խստությունը, այլ նրա անխուսափելիությունը»»։