Կիմ Չեն Ունը հարգել է Մաո Ցզեդունի՝ Կորեական պատերազմում զոհված ավագ որդու հիշատակը
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Կորեայի 1950 – 1953 թվականների պատերազմի ավարտի՝ հուլիսի 27-ին նշվող 65-րդ տարելիցի առթիվ այցելել է Փյոնան Նամդոյի նահանգում Չինացի ժողովրդական կամավորների հուշագերեզմանոց, որտեղ հարգել է Մաո Ցզեդունի ավագ որու՝ Մաո Անյինի հիշատակը, որը զոհվել է ամերիկյան ռազմաօդային ուժերի ավիահարվածի հետեւանքով: Այս մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդն ընդգծել է, որ «Կորեական ազատագրական պատերազմի ժամանակ Չինաստանի կուսակցությունն ու ժողովուրդն առանց վարանման ռազմաճակատ ուղարկեցին իրենց լավագույն որդիներին ու դուստրերին, որոնք անմահ ավանդ ներդրեցին այն պատերազմի հաղաթանակի գործում»:
ՉԺՀ-ում հրապարակված տվյալների համաձայն՝ Կորեական պատերազմի ժամանակ զոհվել են ավելի քան 183 հազար մարտիկներ եւ հրամանատարներ, որոնք մտնում էին «Չինական ժողովրդական կամավորների» զորամիավորման կազմ ի մեջ: Նրանք չին-կորեական սահմանն անցան 1950 թվականի հոկտեմբերի 19-ին՝ իրենց սեփական տարածքը պաշտպանելու եւ Կորեական ժողովրդական բանակին օգնություն ցույց տալու խնդրով՝ Լի Սին Մանի հարավկորեական զորքերի եւ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կազմավորումների դեմ մարտերում, որոնք հանդես էին գալիս ՄԱԿ-ի ցուցանակի ներքո: Կորեական պատերազմն ավարտվեց զինադադարի համաձայնագրի ստորագրմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: