Թրամփը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ունին ամերիկացի զինվորականների աճյուններն ԱՄՆ վերադարձնելու համար
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 26-ին շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին ամերիկացի զինծառայողների աճյունները հայրենիք վերադարձնելու համար, որոնք պատերազմի տարիներին զոհվել են Կորեական թերակղզում: Համապատասխան հաղորդագրությունը նա զետեղել է Twitter-ում:
«Ամերիկացի զինծառայողների աճյունները շուտով դուրս կբերվեն ԿԺԴՀ-ից եւ կուղարկվեն Միացյալ Նահանգներ: Այդքան շատ տարիներ անց դա մեծ իրադարձություն կլինի շատ ընտանիքների համար: Շնորհակալություն Կիմ Չեն Ունին»,- գրել է պետության ղեկավարը: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն ուրբաթ օրն ԱՄՆ-ին է հանձնել ամերիկացի զինծառայողների աճյունները: Աճյունների հանձնման շուրջը համաձայնությունը ձեռք էր բերվել հունիսի 12-ին Սինգապուրում Թրամփի եւ Կիմ Չեն Ունի միջեւ կայացած գագաթնաժողովի ընթացքում:
Կկորեական պատերազմն ավարտվել է զինադադարի շուրջը համաձայնագրի ստորագրմամբ, ուստի Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն տակավին պաշտոնապես գտնվում են պատերազմի վիճակում: Վաշինգտոնը դիվանագիտական հարաբերություններ չունի Փհենյանի հետ: Հունիսին Սինգապուրում կայացած հանդիպման արդյունքներով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն ստորագրեցին համատեղ փաստաթուղթ, որտեղ Փհենյանն ստանձնեց միջուկազերծման պարտավորություններ՝ Վաշինգտոնի կողմից անվտանգության երաշխիքների փոխարեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: