Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության համակարգի կարևոր մաս է կազմում. Նիկոլ Փաշինյան
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի շատ կարևոր մաս է կազմում:
Նա ափսոսանք է հայտնել, որ իր հայտարարությունները չեն նկատում որոշ ռուս քաղաքագետներ և փորձագետներ: Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ ռուսական ռազմաբազան շարունակելու է մնալ Հայաստանում:
«102-րդ ռազմաբազան Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի շատ կարևոր մաս է կազմում: Որովհետև մենք ունենք պայմանագրեր, և այդ պայմանագրերով ռազմաբազան ունի կոնկրետ պարտավորություններ: Դա չի նշանակում, որ մենք ոչ մի խնդիր չունենք ռազմաբազայի գործունեության հետ կապված, և այլն, և այլն: Բայց, ընդհանուր առմամբ, ես ասել եմ, որ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի գոյությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերին: Դա մի բան չէ, որ համապատասխանում է իմ պատկերացումներին կամ այս կամ այն կառավարության պատկերացումներին: Դա համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերին, դա պարզ է բոլորին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հարցին՝ արդյոք պահպանվելո՞ւ է հայ-թուրքական և հայ-իրանական սահմանը հսկող ռուս սահմանապահների և 102-րդ ռազմաբազայի հետ կապված ստատուս-քվոն, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է՝ «Այո, իհարկե»: