«Սերժ Սարգսյանն այն նախագահը չի եղել, որ ոստիկանապետի խոսքով՝ մարզպետ հաներ, դա բացառվում է». Ալիկ Սարգսյան

ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը քաղաքացիական հայցով դիմում է դատարան՝ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանից պատիվ պահանջելու։

Հիշեցնենք, որ 2000-2008 թվականներին Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե՝ հայտարարելով, որ իրենից հետո՝ մինչև 2012-ը մարզը ղեկավարած Վարդգես Հովակիմյանը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60 հազար դոլար։  Իրավապահները բացատրության են կանչել Արարատի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Վարդգես Հովակիմյանին, որն էլ հաղորդում է տվել այն մասին, որ դեռևս 2008 թվականին գումար է փոխանցել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ իր նախկին աշխատակցի որդուն ոստիկանության համակարգում աշխատանքի ընդունելու համար։  Ըստ Հովակիմյանի՝ գումարը տվել են, բայց Սարգսյանն այդպես էլ աշխատանքի չի ընդունել այդ անձին ու գումարն էլ չի վերադարձրել։

«Երբ 2011 թվականի նոյեմբերի 1-ին ազատվեցի ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից, ամիսներ անց արդեն նշված անձը՝ Արարատի նախկին մարզպետը, նամակ գրեց, որ քո պատճառով ես վնասներ եմ կրել, քո խնդրանքով նախագահն ինձ աշխատանքից ազատեց, և այլն։ Ասել է՝ «պետք է փոխհատուցես, թիվ որոշի»։ Ես դրան նորմալ չվերաբերվեցի, նայեցի նամակին, պատռեցի այն»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պատմեց Ա. Սարգսյանը։

Ա. Սարգսյանն ասաց, որ տարիներ շարունակ Արարատի նախկին մարզպետն իրենց նման բովանդակությամբ նամակներ է ուղարկել, օրերս նաև՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։

Անդրադառնալով Վ. Հովակիմյանի այն մեղադրանքին, որ Ա. Սարգսյանը խնդրել է Սերժ Սարգսյանին, որ նրան մարզպետի պաշտոնից «հանի»՝ Ա. Սարգսյանն ասաց. «Սերժ Սարգսյանն այն նախագահը չի եղել, որ ոստիկանապետի խոսքով՝ մարզպետ հաներ, դա բացառվում է»։

«Ես գնահատում եմ, որ դրական եմ աշխատել, ու այս բոլոր հերյուրանքներով ես քաղաքացիական հայցով մտնելու եմ դատարան և պատիվ պահանջեմ։ Եթե ֆինանսական տույժի նրան ենթարկեն, միանգամից այն կուղղվի որևէ բարեգործական ֆոնդի»,- նշեց Ա. Սարգսյանը՝ ըստ որի՝ Վ. Հովակիմյանը հոգեկան խնդիրներ ունի, և նա նաև դատաբժշկական փորձաքննություն է պահանջելու։

Նա չի գտնում, որ այսօրվա իշխանությունները որևէ ձևով կապ ունեն այս ամեն ինչի հետ. «Համոզված եմ՝ սա իշխանությունների հորդորը չէ, նրանք իմ հետ որևէ խնդիր, իմ կարծիքով՝ չունեն։ Ես արդար եմ, ու իմ  գործունեությունն էլ եղել է ազնիվ»։

Ա. Սարգսյանը նաև հայտնեց, որ վաղը նրան հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն՝ ցուցմունք տալու տուժողի կարգավիճակում։ Նա վստահ է, որ գործի քննությունն օբյեկտիվ և անաչառ է անցնելու։

Տեսանյութեր

Լրահոս