Բաժիններ՝

Հայաստանն ու Բուլղարիան խթանում են համագործակցությունն աշխատանքային միգրացիայի ոլորտում

ՀՀ կառավարությունը կքննարկի Բուլղարիայի հետ 2018թ. փետրվարի 12-ին ստորագրված աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին համաձայնագրի հավանություն տալու մասին հարցը: Այն ընդգրկված է կառավարության հուլիսի 26-ի նիստի օրակարգում:

Համաձայնագրի նպատակն է խթանել կողմերի միջև համակողմանի համագործակցությունը և բարեկամությունը՝ արտաքին քաղաքականության և միգրացիոն քաղաքականության համատեքստում:

Համաձայնագիրը կիրառվում է հետևյալ կատեգորիաների աշխատողների նկատմամբ, ովքեր կողմերից մեկի քաղաքացիներ են և, սույն համաձայնագրի շրջանակներում կնքել են աշխատանքային պայմանագիր, և ում տրամադրվել է մյուս կողմի տարածքում կացության անհրաժեշտ թույլտվություն. աշխատողներ՝ մեկ տարի սկզբնական ժամկետով` մինչև ընդհանուր երեք տարի ժամկետով հետագա երկարաձգման հնարավորությամբ, սեզոնային աշխատողներ` յուրաքանչյուր տարի՝ ոչ ավել, քան ինը ամիս ժամկետով:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նպատակահարմար է գտնում համաձայնագրի վավերացումը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնել է, որ համաձայնագրի դրույթները չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ այլ նորմատիվ իրավական ակտերին և համաձայնագրի դրույթները չեն պարունակում ՀՀ նոր օրենք կամ այլ նորմատիվ իրավական ակտ ընդունելու կամ գործող օրենքում կամ այլ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելուն վերաբերող նորմեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս