Բաժիններ՝

Իրանը հակամիջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ-ն արգելափակի իրանական նավթի արտահանումը

Իրանը համահավասար հակամիջոցներով կպատասխանի այն դեպքում, եթե ԱՄՆ-ը փորձի արգելափակել Իրանից նավթի արտահանումը: Հուլիսի 24-ին այս մասին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Գասեմին:

«Եթե Ամերիկան ցանկանա լուրջ քայլ անել այդ ուղղությամբ, դա, Իրանից, անտարակույս, կհանդիպի հակազդման եւ համահավասար պատասխան միջոցների»,- Գասեմիի խոսքից մեջբերում է անում Reuters գործակալությունը: Ավելի վաղ «Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմը (Իրանի զինված ուժերի ընտիր ստորաբաժանումը) սպառնացել է փակել Որմզդի նեղուցը՝ նավթն այլ երկրներ փոխադրելու համար, եթե ԱՄՆ-ը շարունակի պատժամիջոցների քաղաքականությունն Իրանի նկատմամբ:

Ի պատասխան Պենտագոնը հայտարարել է, թե պատրաստ է ապահովելու նավարկության ազատությունն այդ տարածաշրջանում: Մայիսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Գործողությունների համատեղ համապարփակ պլանից՝ այն գործարքից Վաշինգտոնի դուրս գալու մասին, որը սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միակողմանի սահմանափակիչ միջոցների վերացման փոխարեն:

Հուլիսի սկզբին Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման բաժնի տնօրեն Բրայան Հուքը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է «մինչեւ զրո» կրճատել Իրանի նավթային եկամուտներն էներգետիկական պատժամիջոցներով, որոնք, նրա խոսքով՝ կվերսկսվեն նոյեմբերի 4-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս