Բաժիններ՝

Կստեղծվի Հայ Առաքելական եկեղեցու շահերը պաշտպանող ազգային ճակատ

«Խնդիրը ոչ թե Վեհափառն է, այլ ես վտանգ եմ տեսնում մեր Հայ Առաքելական եկեղեցու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։

Նրա խոսքով՝ Վեհափառին հրաժարական պարտադրելն անհնար է այն տարբերակով, որը հիմա արվում է. «Ոչ ոք չի կարողանում հասկանալ, որ ՀՀ-ում կա օրենք, որով եկեղեցին անջատված է պետությունից։ Կա եկեղեցական իրավունք, եթե մենք ուզում ենք ինչ-որ մի գործողություն կատարենք եկեղեցու ներսում, պետք է տիրապետենք այդ օրենքին։ Եկեղեցական իրավունքի մասնագետ մեզ մոտ չկա, բացի Էջմիածնում գտնվող անձանցից։ Մենք այսօր սկսում ենք փնովել մեր եկեղեցուն՝ անունը դնելով՝ Վեհափառի հրաժարականի պահանջ։ Ցավալին այն է, որ նույն սպասավորն է անում նման գործողություններ։ Քարը գցողը պետք է առաջինն ինքը լինի անմեղ, ու չգիտես ինչու, հիմա այդ հրաժարականի պահանջ ներկայացողներն ուզում են ասել՝ իրենք մեղքեր չունեն, ուրիշները չունեն»։

Ա. Ամարյանը հայտնեց, որ իրենց կենտրոնը որոշել է ստեղծել ազգային ճակատ, որը պաշտպանելու է ոչ թե անձին, այլ՝ հավատքը և եկեղեցին. «Մեր խնդիրը եկեղեցու և հավատքի պաշտպանության խնդիրն է, որը միանշանակ ոչ ոք չի անում։ Եթե կպնեինք հիմա մի աղանդավորի, Եվրոպան միանգամից աղմուկ կբարձրացներ, բայց երբ կպնում են Հայ Առաքելական եկեղեցուն, ոչ ոք աղմուկ չի բարձրացնում։ Իսկ ինչո՞ւ է այդպես։ Մոտակա ժամանակներում հրապարակելու եմ մի քանի կառույցների տվյալները, որոնք ֆինանսավորվում են արտասահմանից»։

Հոգեբան Սամվել Խուդոյանը երկու հանգամանքի վրա ուշադրություն հրավիրեց. «Մի կողմից՝ այն, որ շատ եկեղեցական սպասավորներ, նաև՝ կաթողիկոսը, բարձր իմիջ չունեն հասարակության մեջ։ Նրան անընդհատ մեղադրել են բիզնեսներ ունենալու մեջ, այս կամ այն կաթողիկոսին՝ ճոխ ապրուստի և մեքենաների տեր լինելու մեջ, որը լիովին հակասում է կրոնական բարոյականությանը և կրոնի սպասավորի բարոյականության հարցերին։ Ահա այս հանգամանքը բացասական իմիջ էր ձևավորել, ինչն էլ իրավիճակի փոփոխության հետևանքով փորձ արվեց օգտագործել։ Կարծում եմ՝ հոգեբանորեն և փաստացի կան երկու ուժեր, մեկը՝ դրսից ղեկավարվող, ամենայն հավանականությամբ, հենց կրոնական աղանդների կողմից, որովհետև ես հազարավոր անգամներ հանդիպել եմ, որ նրանք ոչ թե անհատների են կպնում, այլ՝ ամբողջ եկեղեցուն։ Կարող է դա արվել նաև օտար ուժերի, քաղաքական կենտրոնների հատուկ ծառայությունների կողմից, որովհետև շատերը գիտեն, որ Հայ Առաքելական եկեղեցին հայկական ինքնության հիմքերից մեկն է, ու այդ հիմքերը խարխլելն ազգային ինքնությանը խփող հանգամանք է։ Ես դա էլ չեմ բացառում»։

Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ռուբեն Բաբայանն էլ գտնում է՝ կաթողիկոսի դեմ պայքարելու ճանապարհը «տգեղ» ու «անընդունելի» է.

«Յուրաքանչյուր ոլորտ երևի պահանջում է համապատասխան ձևեր, ու այն, ինչ կարելի է անել քաղաքականության մեջ, երբեք չի կարելի անել հոգևոր աշխարհում։ Ես չգիտեմ այդ մարդկանց կենսագրությունը, բայց նրանց դեմքերը վստահություն չեն ներշնչում։ Եթե նրանք Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր են եղել, եկեղեցական են եղել, ու կան նրանց մասին վարկաբեկիչ տվյալներ, ապա վաղուց էր պետք  օգտագործել ու հեռացնել շարքերից, այլ ոչ թե այս վիճակին հասցնել։ Երբ դու ինչ-որ կառույց ես ղեկավարում, պետք է շատ լավ հասկանաս, որ քո անձնական, անհատական որոշակի թերություններն ակամա հանրության կողմից տարածվելու են նաև ամբողջ կառույցի վրա, ու այդ տեսակետից՝ անհրաժեշտ է շատ զգույշ լինել, ու այն, ինչ կարող է իրեն թույլ տալ հասարակ եկեղեցականը, չի կարող իրեն թույլ տալ բարձրաստիճան եկեղեցականը։ Բացարձակապես չեմ ուզում կապել կաթողիկոսի հասցեին հնչած քննադատությունը Հայ Առաքելական եկեղեցու հետ։ Անձամբ ես ծանոթ եմ բազմաթիվ հրաշալի եկեղեցականների, որոնք իրենց և պահվածքով, և մտածելակերպով կարող են պարզապես օրինակ ծառայել շատերի համար։ Պետք է հասկանալ մի բան, որ մեր հեղինակությունը մեր խնդիրն է, և դուք ինչքան էլ կառույց ստեղծեք, չեք կարող նրա հեղինակությունը պաշտպանել, եթե այդ կառույցի մեջ գտնվող մարդիկ չուզենան դա անել։ Զոռով ոչ մեկին երջանիկ դարձնել հնարավոր չէ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս