Մեկնարկել է Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ը
Սևանա լճի ափին մեկնարկել է ամենամյա Սևան Ստարտափ Սամմիթը: Այն համարվում է Seaside Startup Summit–ների գալա միջոցառումը:
Այս տարի սամմիթին կմասնակցի շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում՝ 120 ստարտափ թիմեր, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ, մենթորներ, բիզնես փորձագետներ և ոլորտի ներկայացուցիչներ։ Սամմիթի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ կանցկացվի աքսելերացիոն ծրագիր՝ 100 հազար դոլար ներդրումային ֆոնդով:
«Սևան Ստարտափ Սամմիթի» համահիմնադիր Հակոբ Հակոբյան նշում է, որ ԱՄԷ-ում և Հնդկաստանում անցկացրած սամմիթներից հետո իրենք մեծ փորձառություն ունեն և այդ փորձը կիրառելու են նաև Հայաստանում:
«Որպես գալա միջոցառում՝ սամմիթը կհյուրընկալի մասնակիցներ աշխարհի 35 երկրներից: Թիմերից լավագույնները հնարավորություն կունենան սամմիթի ընթացքում ինտենսիվ աքսելերացիոն ծրագիր անցնել, 2-3 թիմ կստանան ներդրումներ հենց սամմիթի կողմից: Այս տարի, բացի $ 50.000 մրցանակային ֆոնդից՝ ավելացրել ենք նաև 100.000 ներդրումային ֆոնդ»,- 168.am-ի հետ զրույցում նշել է Sevan Startup Summit-ի տնօրեն Վահագն Ռափյանը:
Սամմիթի բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, «Սևան Ստարտափ Սամմիթի» համահիմնադիր Հակոբ Հակոբյանը և «Գրանատուս Վենչուրս» համահիմնադիր և կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը։
Նախատեսվում է, որ այս տարի Սևան կայցելի սամմիթի համահիմնադիրներից մեկը՝ Արթուր Ջանիբեկյանը: Կազմակերպիչները նշում են, որ Արթուր Ջանիբեկյանն անգնահատելի ավանդ է ունեցել սամմիթի կայացման և հատկապես՝ միջազգայնացման գործընթացներում: Մասնակից ստարտափները հնարավորություն կունենան իրենց պրոյեկտները ներկայացնել Արթուր Ջանիբեկյանին:
Սամմիթի անցկացման օրերին Սևանում կլինեն բիզնես-փորձագետներ ամբողջ աշխարհից: Նրանք կկիսվեն իրենց փորձով ինտերակտիվ սեմինարների ընթացքում: Փորձագետները կխոսեն տարբեր թեմաներով, գաղափարների մշակումից՝ մինչև վաճառքներ:
Հաջողակ ձեռնարկատերերը կմիանան մասնակիցներին CampFire Talks-ի շրջանակներում: Նրանք կպատմեն իրենց հաջողության և ձախողումների պատմությունները, կպատասխանեն մասնակիցների հարցերին:
Տարբեր երկրներից հրավիրված մենթորները կծանոթանան մասնակիցների ստարտափների հետ և կօգնեն նրանց լինել ավելի մրցակցային բաթլների շրջանակում:
Հրեշտակ-ներդրողներն ու Վենչուրային կապիտալները պարբերաբար կայցելեն սամմիթ և կհետևեն խոստումնալից ստարտափներին: Նրանք ներկա կլինեն նաև բաթլների ժամանակ:
Նշենք նաև, որ սամմիթին կարող են այցելել ոչ միայն՝ նախապես գրանցված մասնակիցները, այլև բոլոր նրան, ովքեր հետաքրքրված են տեխնոճամբարի աշխատանքներով:
Հիշեցնենք, որ իր ձևաչափով Sevan Startup Summit-ը եզակի է տարածաշրջանում, քանի որ ստարտափների համար նախատեսված առաջին ոչ ֆորմալ միջոցառումն է: Բացի այդ, Sevan Startup Summit-ն իր ձևաչափով առաջինն է աշխարհում:
Սիրարփի Աղաբաբյան